Քաղաքականություն

Փաշինյանը կրկնեց՝ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը կրկնեց՝ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, իսկ սոցիալական ապահովության այն հանգամանքը, որը երկար տարիներ ՀՀ–ում գործել է, մարդկանց աղքատության մեջ պահելու քաղաքական նպատակ է հետապնդել: 

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ վարչապետը այս մասին ասաց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը իշխող քաղաքական ուժին մեղադրեց նրանում, որ նրանց վարքագիծը խզվում է խոստումներից, ծրագրային հիմնադրույթներից: Նա հիշեցրեց իշխող ուժի խոստումներից՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», «հարկատուն հերոս է»: Սակայն, ըստ պատգամավորի, հենց ԱԺ–ում նիստում ներկայացվել են դրա  ճիշտ հակառակ դրսևորումները տարբեր նախագծերի ձևով:

«Քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ, այո, կրկնում եմ չգիտեմ, թե որերորդ անգամ: Երբ մենք քաղաքացուն ասում ենք՝ երթևեկության կանոնը խախտի, փողը տուր, քշիր, ու այդպես շարունակ, ի՞նչը փոխվեց: Մենք եկանք, ասացինք, որ կա բալային համակարգ, որ խախտելու որոշակի չափաբաժին ունեն, եթե դրանից ավելի խախտեն, պետք է զրկվեն վարորդական իրավունքից, հետո գնան վերահաստատեն վարորդի իրենց կարողությունը, որից հետո պետությունը հնարավորություն կտա մեքենա վարել, քանի որ նրանց մեքենա վարելը ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների անվտանգության հարցն է: Եվ հետևաբար, այո, քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետն ուղղեց ընդդիմադիր պատգամավորին՝ ոչ թե հարկատուն է հերոս, այլ աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող մարդը: Նա կրկնեց՝ աղքատությունը մարդկանց մտքում է: 

Փաշինյանի համոզմամբ՝ սոցիալական ապահովության այն հանգամանքը, որը երկար տարիներ ՀՀ–ում գործել է, մարդկանց աղքատության մեջ պահելու քաղաքական նպատակ է հետապնդել: «Քաղաքական իրական նպատակը ոչ թե մարդկանց աղքատության մեջ պահելն է եղել, այլ որպեսզի այդ մարդիկ այնքան 5 հազար և 10 հազար տեսած չլինեն իրենց կյանքում, որ, երբ ընտրությունների օրը մեկը տանի 10 հազար դրամ ցույց տա, այդ մարդիկ մտածեն, որ գրեթե աստված է նա, որ 10 հազար դրամ ունի: Եվ մենք ասում ենք՝ այն քաղաքացին, որն աշխատունակ է, պետք է աշխատի, և ոչ մեկը իր փոխարեն չպետք է աշխատի»,–ասաց վարչապետը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում