Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կիրտի Վարդհան Սինգհին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությունը զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ: 

Անդրադարձ է կատարվել նաև տարբեր հարթակներում և ձևաչափերով փոխգործակցության հնարավորություններին: 

Արարատ Միրզոյանը և Կիրտի Վարդհան Սինգհը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ տեսլականը Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության հասնելու հարցում հստակ է, այն հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անվերապահ հարգման և տարածաշրջանում տնտեսական զարգացման, արդյունավետ փոխկապակցվածության ապահովման հաստատուն հանձնառության վրա: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերը: Երկուստեք ընդգծվել է տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների արդյունավետ գործարկման կարևորությունը շահագրգիռ կողմերի, ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանային կայունության ապահովման հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում