Տնտեսություն

ԱԺ-ում քննարկվել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ոլորտում փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացման հարցը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ում քննարկվել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ոլորտում փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացման հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում քննարկվեց «Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը:

Նա հիշեցրեց, որ «Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագիրը 2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:  

«Նպատակը պետությունների միջեւ ծառայությունների, առեւտրի, ներդրումների ոլորտում ավելի լայն տնտեսական համագործակցությունն է և փոխշահավետության համար բարենպաստ պայմաններ ստեղծելը: Համաձայնագիրը բխում է «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրից: Ընդլայնվում է առեւտրի շրջանակը՝ տարածելով նաեւ ծառայությունների ոլորտի վրա:

Կարգավորվում է ծառայությունների անդրսահմանային առեւտուրը, ընկերությունների ստեղծման եւ գործունեության ոլորտը, մասնակից պետությունների տարածքներով ֆիզիկական անձանց տեղաշարժի եւ ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերի շրջանակը, ինչպես նաեւ ներդրումային գործունեությունը»,- ասաց Միքայելյանը։

Փոխնախարարի խոսքով՝ նախագծի դրույթները չեն հակասում նշված ոլորտում ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին: 

ԱՊՀ գործադիր կոմիտեն կանխատեսել է, որ համաձայնագրի իրականացումն ԱՊՀ-ում ծառայությունների ծավալը կավելացնի շուրջ 25 տոկոսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում