Տնտեսություն

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քվոտայի և մաքսատուրքի արտոնության վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քվոտայի և մաքսատուրքի արտոնության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի և ՀՀ կառավարության որոշումներով էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7400 հատ տրանսպորտային միջոցի մասով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել։ 

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2307-Ն որոշումներով ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող  էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7400 հատ տրանսպորտային միջոցի մասով:

Սա նշանակում է, որ 7400-ը գերազանցող յուրաքանչյուր հաջորդ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի ձևակերպման համար ԵՏՄ ընդհանուր կանոններով սահմանված կարգով 2024 թվականին կկիրառվի 15% ներմուծման մաքսատուրքի  դրույքաչափ։ 

2024թ. հունվար-օգոստոս ամիսներին և սեպտեմբեր ամսվա 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, արդեն իսկ, ձևակերպվել է 6285 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, այսինքն` 2024թ. սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 հատ:   

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն` տվյալ սակագնային քվոտայից հնարավոր չի լինի օգտվել դեռևս ՀՀ չներմուծված տրասնպորտային միջոցի համար նախնական մաքսային հայտարարագրի ներկայացման դեպքում, քանի որ  արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում, ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվելու oրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների գրանցումը: Ճշգրտման գրանցումը հնարավոր կլինի իրականացնել միայն տվյալ տրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետություն փաստացի ներմուծման դեպքում և արդյունքում սակագնային արտոնության կիրառումը կախված կլինի տվյալ օրվա դրությամբ 0 տոկոս մաքսատուրքի արտոնության կիրառման համար սահմանված 7400 հատ տրանսպորտային միջոցների քանակի լրացված չլինելու հանգամանքից։

ՊԵԿ-ը նաև հիշեցնում է, որ 2025 թվականի համար ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող  էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած: 

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ մինչև 01.01.2026 թ. շարունակելու է գործել էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների ներմուծման ԱԱՀ-ից ազատման արտոնությունը, որի գծով քանակային սահմանափակում առկա չէ»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում