Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է UNESCAP-ի թվային ընդգրկման և վերափոխման թեմայով նախարարական խորհրդաժողովին

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է UNESCAP-ի թվային ընդգրկման և վերափոխման թեմայով նախարարական խորհրդաժողովին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 3-5-ը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) թվային ընդգրկման և վերափոխման թեմայով նախարարական խորհրդաժողովին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, միջոցառման շրջանակում Գևորգ Մանթաշյանը, հանդես գալով ելույթով, մասնավորապես անդրադարձել է թվային նորարարության փորձի և նախաձեռնությունների փոխանակման, հանրային կյանքում դրանց կիրառելիության ու տարածման, ինչպես նաև կայուն զարգացման գործընթացներում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությանը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային, միջսահմանային համագործակցության և թվային լուծումների ներառական հասանելիության կարևորությանը։ 

Գևորգ Մանթաշյանն իր ելույթում նշել է, որ UNESCAP-ը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային համագործակցության առաջխաղացման գործում, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում թվային համագործակցության ոլորտում՝ մասնավորապես, հզորացնելով հաղորդակցությունը, համագործակցությունը և անդամ պետությունների կարողությունները: Նախարարի առաջին տեղակալն արագ զարգացող թվային դարաշրջանում հիշեցրել է որոշումների կայացման ազդեցության մասին, քանի որ այսօրվա ընտրությունը ձևավորելու է միլիոնավոր մարդկանց ապագան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Նա ընդգծել է նաև նման միջոցառումների շրջանակում երկխոսության կարևորությունը՝ որպես հավասարակշռված և բազմակողմ որոշումների կայացման միջազգային հարթակ: 

Ամփոփելով խոսքը՝ Մանթաշյանը նշել է, որ այսօր արդեն հստակ է. թվային համագործակցությունն ուղղակի ընտրություն չէ, այն օրվա հրամայական է: 

ՀՀ ԲՏԱ նախարարության տեղեկացմամբ՝ այցի շրջանակում նախարարի առաջին տեղակալը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և ավիատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևի և Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և նախագահ Դմիտրի Մունի հետ. քննարկվել են ոլորտային համագործակցության մի շարք հարցեր: 

Հանդիպումներ և այցեր են եղել նաև «Աստանա Հաբ»-ում և Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի (AIFC) կառավարչի հետ. քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 

Միջոցառման ընթացքում Գևորգ Մանթաշյանը մասնակցել է նաև «Թվային առողջություն. նորարարություններ, մարտահրավերներ և ապագայի ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը: Այս նիստը միավորել էր համաշխարհային առաջատար փորձագետներին և կառավարությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու համար առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների հիմնական ասպեկտները: 

Խորհրդաժողովի ժամանակ ընդունվել է Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի թվային ընդգրկման և վերափոխման թեմայով Աստանայի նախարարական խորհրդաժողովի հռչակագիրը, որի նախագծի վերաբերյալ քննարկումները մեկնարկել էին 2024թ. մարտ ամսին, որոնց մասնակցել են ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները: Նիստի ընթացքում ընդունվել է նաև նախարարական խորհրդաժողովի զեկույցը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում