Քաղաքականություն

ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Երևանի և Բրյուսելի միջև քննարկվելիք հարց է․ Խանդանյանն անդրադարձել է Բաքվից հնչող հայտարարություններին

2 րոպեի ընթերցում

ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Երևանի և Բրյուսելի միջև քննարկվելիք հարց է․ Խանդանյանն անդրադարձել է Բաքվից հնչող հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայության հարցը Երևանի ու Բրյուսելի միջև քննարկվելիք թեմա է, ուստի այս երկու կողմերը պետք է որոշեն, թե դիտորդները ե՞րբ, ինչքա՞ն ժամկետով և ի՞նչ անձնակազմով պետք է ներկա լինեն Հայաստանի տարածքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրումը հիմք է, որպեսզի ԵՄ դիտորդական առաքելությունը հեռանա Հայաստանից։ 

«Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև քննարկվելիք հարց է: Եվրամիության դիտորդները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում և մոնիթորինգ են իրականացնում սահմանի հայկական կողմից, ուստի այստեղ Հայաստանը  և ԵՄ-ն պետք է որոշեն՝ ե՞րբ, ինչքա՞ն ժամկետով, ի՞նչ անձնակազմով պետք է ներկա լինեն ԵՄ դիտորդները», - նշել է Խանդանյանը՝ հավելելով, որ երբ կնքվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ավարտվի սահմանազատման գործընթացը և լինի տարածաշրջանային խաղաղություն, ապա, գուցե, մոնիթորինգի անհրաժեշտություն այլևս չլինի։ 

Խանդանյանը հստակեցրել է, որ այդպիսի հարց այս պահին, բնականաբար, չի քննարկվում։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում