ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտը ոչ միայն կարևոր է իրավական հանրության, այլև Հայաստանի ողջ բնակչության համար, քանի որ առևտուրն ընդլայնվում է, ներդրումների, կապիտալի, մարդկանց շարժը մեծանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միջազգային արբիտրաժային երկրորդ կոնֆերանսում իր ելույթում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Նա կարևորեց այսպիսի ինստիտուտների առկայությունը, որոնք կարող են վեճերն այնպես լուծել, որ դա նպաստի բիզնեսի զարգացմանը։
«Մենք ձեր գործընկերն ենք այս բարեփոխումներում։ Սա գործընթաց է, որին մենք աջակցում ենք բավականին երկար ժամանակ։ Մենք ունենք բյուջետային աջակցության ծրագրեր, ունենք տեխնիկական աջակցության ծրագրեր։ Կա նաև կառավարության և իրավական համայնքի հանձնառությունը համապարփակ բարեփոխումներ իրականացնելու համար, որոնք օգուտ կբերեն Հայաստանի հասարակությանը, տնտեսությանը»,- ընդգծեց Մարագոսը։
ԵՄ դեսպանի խոսքով՝ դատարանները երբեմն ծանրաբեռնված են մեծ թվով գործերով, ուստի պետք է չլուծված գործերի խնդիրը լուծվեն նաև այլ եղանակներով։
«Արբիտրաժը միջազգայնորեն դարձել է կարևոր գործիք։ Կարծում եմ ՝ հիանալի է, որ դուք հետևում եք այս պրակտիկային: Ես շատ ուրախ եմ այստեղ տեսնել տարածաշրջանի գործընկերներին, ԵՄ գործընկերներին, միջազգային գործընկերներին։ Կարծում եմ, որ մասնագետների միջև կարծիքների այս փոխանակումը կարևոր է, որպեսզի փոխկապակցված աշխարհում մենք միմյանց հետ կիսվենք մեր փորձով: Պատճենելու կարիք չկա, բայց կարծում եմ, որ ավելի լավ է իմանալ ուրիշների թույլ տված սխալները՝ դրանցից խուսափելու և ավելի բարձր մակարդակից սկսելու համար: Եվ դուք Հայաստանում դա հիանալի եք անում։ Դուք օգտագործում եք ուրիշների փորձը, և ես իսկապես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհն է»,- ընդգծեց Մարագոսը։
ԵՄ դեսպանի կարծիքով՝ արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտի բոլոր առավելությունները պետք է օգտագործվեն բոլորի կողմից ։
Մարագոսի խոսքով՝ ինստիտուտը նաև նպաստում է ներդրումների ներգրավմանը: