ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH»-ի համատեղ «Աքսելերացիոն ծրագրի» մասնակցության հայտադիմումների ընդունման փուլը մեկնարկել է: Ծրագրի շրջանակում կիրականացվի 26 շաբաթյա «Աքսելերացիոն ծրագիր»՝ նախատեսված Հայաստանում գործող ոլորտային սկսնակ ընկերությունների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այս շաբաթների ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների և բիզնեսի զարգացման ու գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:
Ըստ աղբյուրի՝ ծրագիրը բացառիկ հնարավորություն է հայաստանյան բոլոր այն սկսնակ տեխնոլոգիական ստարտափների համար, որոնք նպատակ ունեն զարգանալու, ներգրավելու վենչուրային կապիտալ ներդրումներ և ամրապնդելու իրենց ներկայությունը համաշխարհային շուկաներում։
Նշվում է, որ Plug and Play Tech Center-ն աշխարհում բարձր հեղինակություն վայելող նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին և ներդրողներին՝ խթանելու համար տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ։