Հայաստան

Վարչապետը մտահոգիչ համարեց էլեկտրամատակարարման և կոյուղաջրերի հեռացման հետ կապված խնդիրները

3 րոպեի ընթերցում

Վարչապետը մտահոգիչ համարեց էլեկտրամատակարարման և կոյուղաջրերի հեռացման հետ կապված խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ համարեց էլեկտրամատակարարման որակի, ջրերի կառավարման ու կոյուղաջրերի հեռացման հետ կապված խնդիրները՝ շեշտելով, որ դրանք գտնվում են կառավարության օրակարգի առաջնահերթությունների շարքում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով էլեկտրամատակարարման խափանումների դեպքերին և կոյուղաջրերի հեռացման հետ կապված խնդիրներին, նշեց, որ դրանք ցույց են տալիս խնդրի խորությունը, որը պետք է ուսումնասիրել և տալ լուծումներ:

«Մեր խնդիրն է հասկանալ խնդրի էությունը և համագործակցված գործընկերային տրամաբանությամբ գնալ այդ խնդիրների լուծմանը»,-նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ չնայած խնդիրը լուրջ է, սակայն համապատասխան ընկերությունների հետ հարաբերությունների խզումը կարող է ավելի խորացնել այն:

Փաշինյանն ընդգծեց, որ իր մարզային այցելությունների ընթացքում էլեկտրական էներգիայի որակի հետ կապված բողոքներ համատարած բարձրաձայնվում են նաև գյուղական բնակավայրերում, որտեղ խնդիրը հանգեցնում է գյուղտեխնիկայի վնասների:

«Ես ամենայն խստությամբ այդ հարցը դրել եմ կառավարության առաջ և ամենատարբեր ֆորմատներով լրջագույն քննարկումներ ենք ունենալու այս հարցում: Բայց մեր նկատառումը չի լինելու գնալ, գտնել մեղավորներ: Այնտեղ, որտեղ կգտնվեն մեղավորներ, դա կունենա իր հետևանքը , բայց մեր նկատառումն է լրջագույն բարեփոխումների և ներդրումների ճանապարհով այդ խնդիրը լուծել»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ մարզային այցերի արդյունքներով համապատասխան կառույցներին արդեն իսկ հանձնարարական է տվել կեղտաջրերի հեռացման, ինչպես նաև ջրերի ու կոշտ թափոնների կառավարման հարցերում ջանքերը կրկնապատկելու վերաբերյալ:

Խնդիրների արագ լուծումը ՀՀ վարչապետը կարևորեց նաև երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից:

«Մենք այժմ եկել հասել ենք այն կետին, որ եթե այդ խնդիրները պատշաճ արագությամբ չլուծվեն, ապա դրանք խոչընդոտելու են Հայաստանի տնտեսական հետագա զարգացմանը: Մենք պետք է բավարար խորությամբ ուսումնասիրենք հարցը և տանք լուծումներ: Ջուր, էլեկտրական էներգիա, ջրահեռացում և կոշտ թափոնների կառավարում.այս հարցերը լինելու են առաջիկա մեր առաջնահերթությունների շարքում»,-ընդհանրացրեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում