ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր «Անլռելի զանգակատուն» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Պարույր Սևակի 100 և Կոմիտասի 155-ամյակներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը, միջոցառումն առանձնահատուկ է եղել իր ձևաչափով։
Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը գեղարվեստաթատերական ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Բյուրեղիկ Մնեյանը։
Ներկայացումն ուղեկցվել է կոմիտասյան թեմատիկ կատարումներով, որոնք ներկայացրել են Կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլյա Հովհաննիսյանն ու Նորատուսի արվեստի դպրոցի սան Նարեկ Հարությունյանը: Գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը և մատենագետ Նորա Մարեմկոյանը թեմատիկ ելույթներով եզրափակել են միջոցառումը։
Խոսրով Խլղաթյան