Իրավունք

Արմավիրի մարզում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել

5 րոպեի ընթերցում

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է Արմավիրի մարզում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք դեպքերի բացահայտման մասին։

«Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդը պահում և օգտագործում է թմրամիջոց։

ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված տվյալները, Զվարթնոց-Նորակերտ ճանապարհին երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած զանգվածով կաթուցիչ և մոտ 3 գրամ շոկո թմրամիջոցի նմանվող զանգված:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը շոկո թմրամիջոց է, անձնական օգտագործման համար ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 27, 21 և 18 տարեկան երեք երիտասարդի։

Անձնական խուզարկությամբ 18-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն, կանեփանման զանգվածով կաթուցիչ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 27-ամյա երիտասարդից:

«Թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ հաջորդ տեղեկությունը նույնպես ստացվել էր Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում: Ըստ տեղեկության՝ Վաղարշապատի բնակիչ 45-ամյա տղամարդը տան նկուղում թմրանյութ է պահում։

Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների հետ: 

Նշված հասցե մեկնած ոստիկանները նկուղում՝ սեղանի տեսանելի հատվածում, նկատել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ։ 45-ամյա տանտիրոջ հետ էին նաև 30 և 31 տարեկան համաքաղաքացի երկու երիտասարդներ: Երեքն էլ ձերբակալվել են:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նկուղում հայտնաբերվել է 10 փաթեթ՝ ընդհանուր 68 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: 45-ամյա տղամարդը ներկայացրել է նաև 4,7 գրամ բյուրեղանման զանգվածով փաթեթ և հայտնել, որ այն կրիստալ տեսակի թմրամիջոց է՝ իր օգտագործման համար։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դիազեպամ հոգեմետ դեղամիջոցի 10 հաբ, իսկ 31-ամյա երիտասարդի մոտ՝ մարիխուանայի նմանվող զանգված և գաղտնի փականով դանակ:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, թմրամիջոց պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Խորենացու փողոցում ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 56-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր 2,29 գրամ շագանակագույն զանգվածներով երկու փաթեթ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը ափիոն տեսակի թմրամիջոց է, ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով: Հայտնել է նաև, որ տանը ևս ունի ափիոն տեսակի թմրամիջոց։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ 56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ ափիոն թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 57,9 գրամ զանգվածով փաթեթներ էին, և երկու էլեկտրոնային կշեռք: Միաժամանակ, 56-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել ափիոն տեսակի թմրամիջոցով փաթեթ։

Պարզվել է, որ նա թմրամիջոցները ձեռք է բերել տարբեր թաքստոցներում տեղադրելու և «Տելեգրամ» կայքի միջոցով իրացնելու նպատակով։

Վաղարշապատ քաղաքի 56-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Նշվում է, որ բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում