Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա

3 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Երևանի պետական համալսարանի և Հայ իրավաբանների միության համագործակցության արդյունքում Գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, պայմանավորվածության մասին օգոստոսի 28-ին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ընդգծել, որ Իրավաբանական լաբորատորիան դառնալու է մասնագիտական նոր, ոչ ֆորմալ հարթակ, որտեղ կողմերի համատեղ ջանքերով կկազմակերպվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերի մասնագիտական քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, կնախաձեռնվեն առավել արդիական իրավական խնդիրների հետազոտություններ, առկա կլինեն պարբերաբար թարմացվող մասնագիտական գրականություն և այլ նյութեր: Փոխգործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել փոխադարձ այցելություններ՝ սփյուռքում գործունեություն ծավալող հայ իրավաբանների և իրավաբան ուսանողների մասնակցությամբ:

«Համոզված եմ, որ մեր արդյունավետ և շարունակական փոխգործակցության արդյունքում Իրավաբանական լաբորատորիան խթանելու է Դատախազությունում պրակտիկա անցնող ուսանողների, փորձաշրջան անցնող դատախազների թեկնածուների, գործող դատախազների մասնագիտական գիտելիքների և պրակտիկ հմտությունների արդիականացումն ու կատարելագործումը»,- նշել է Աննա Վարդապետյանը: 

Ըստ աղբյուրի՝ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին և Հայ իրավաբանների միության խորհրդի նախագահ Լյուսի Վարպետյանին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանների միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանին՝ նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամության համար:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է ապագա իրավաբանների համար ստեղծվող հարթակը՝ Իրավաբանական լաբորատորիան, և ընդգծել, որ այն հնարավորություն է տալու ուսանողներին և մասնագետներին կատարելագործելու իրենց գիտելիքները և հմտությունները՝ ժամանակակից իրավական պահանջներին համապատասխան, լաբորատորիան կրթական հարթակ կհանդիսանա սեմինարների, կոնֆերանսների և մասնագիտական քննարկումների կազմակերպման համար:

Նշվում է, որ Հայ իրավաբանների միության ներկայացուցիչ Արմենուհի Հովհաննիսյանը կարևորել է համագործակցության այս ձևաչափը իրավաբանական համայնքի համար: «Այս համագործակցությունը օրենքի գերակայությունն ապահովելու, իրավական ոլորտը զարգացնելու հանձնառության վկայությունն է, ներկայացնում է այն արժեքներն ու տեսլականը, որոնք ունեն երեք կառույցները»,- նշել է Արմենուհի Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում