Քաղաքականություն

Ադրբեջանական բռնապետության մոտ բացակայում է հավատը ԵԽ-ի որոշ հիմնարար արժեքների նկատմամբ. ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության նախագահ

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանական բռնապետության մոտ բացակայում է հավատը ԵԽ-ի որոշ հիմնարար արժեքների նկատմամբ. ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության նախագահ, Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Մարկուս Վիխելը հպարտ է, որ իր ղեկավարած պատվիրակության բոլոր անդամները կողմ են քվեարկել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այն հայտարարությանը, թե ԵԽԽՎ այն անդամները, որոնք կողմ են քվեարկել կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը, Ադրբեջանում կդիտարկվեն որպես անցանկալի անձ (persona non grata)։ 

Մարկուս Վիխելը հայտնեց, որ ինքը ևս իր հինգ գործընկերների հետ միասին հայտնվել է Ադրբեջանում անցանկալի հայտարարված անձանց ցուցակում (Բեատրիս Տիմգրեն, Գուստաֆ Գյոտբերգ, Քրիստոֆեր Լինդբերգ, Ազադեհ Ռոհան և Ադնան Դիբրանի): 

«Մեր ամբողջ պատվիրակությունը նույն կերպ քվեարկեց, ինչի համար, ես, իհարկե, որպես պատվիրակության նախագահ և′ ուրախ եմ, և′ հպարտ», - շեշտեց նա։ 

Բնութագրելով Բաքվի ընդունած որոշումը՝ Վիխելը նկատեց, որ դա ցույց է տալիս, թե ինչու է ադրբեջանական պատվիրակությունը զրկվել ձայնի իրավունքից:

«Ադրբեջանական բռնապետության մոտ բացակայում է հավատը Եվրոպայի խորհրդի որոշ հիմնարար արժեքների նկատմամբ: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր անդամ երկիր պարտավոր է հետևել որոշ հիմնարար սկզբունքների, հատկապես ժողովրդավարության և խոսքի ազատության վերաբերյալ», - ընդգծեց պատգամավորը:  

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի համար ի՞նչ հետևանքների կարող է  հանգեցնել այդ որոշումը՝ Մարկուս Վիխելը նշեց․ 

«Ես իսկապես հավատում եմ, որ դա կբարդացնի այլ պատվիրակությունների անդամների կողմից ապագայում նրանց (խմբ․ Ադրբեջանին) աջակցելը, այնպես որ դա պարզապես կդժվարացնի նրանց գործը»: 

Շվեդ պատգամավորն ընդգծեց, որ ինքը հայտնի է որպես Հայաստանի երկարամյա աջակից, այդ իսկ պատճառով չի կարծում, թե որևէ մեկը մտածում է, որ Ադրբեջանի կողմից նման որոշումը կփոխի իր տեսակետը։ 

«Այնուամենայնիվ, կան շատ անդամներ, որոնք, գուցե, չեն հասկացել, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը վերաբերվում նրանց, ովքեր այլ մոտեցումներ ունեն»,-եզրափակեց ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Մարկուս Վիխելը:

Ավելի վաղ Մարկուս Վիխելը նշել էր, որ իրեն չի զարմացրել Cop29-ից առաջ վեց շվեդ պատգամավորների մուտքի արգելք սահմանելու մասին Ադրբեջանի որոշումը:

«Ընդհակառակը, դա միանգամայն սպասելի էր և անխուսափելի։ Ես վաղուց էի քննադատում Ադրբեջանի բռնապետությանն առհասարակ և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի վրա նրա հարձակումների առնչությամբ։ Ես շատ ուրախ եմ, որ ամբողջ Շվեդիան քվեարկեց այնպես, ինչպես քվեարկեց», - հայտարարել էր նա։

Դավիթ Մամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում