Աշխարհ

2018 թվականին Մակրոնը Դուրովին առաջարկել է Telegram-ի կենտրոնակայանը տեղափոխել Փարիզ. WSJ

2 րոպեի ընթերցում

2018 թվականին Մակրոնը Դուրովին առաջարկել է Telegram-ի կենտրոնակայանը տեղափոխել Փարիզ. WSJ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի տարի առաջ ճաշել է Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի հետ և նրան առաջարկել ընկերության կենտրոնակայանը տեղափոխել Փարիզ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրների։

«2018 թվականին ճաշի ժամանակ, որի մասին ավելի վաղ չի հաղորդվել, Մակրոնն առաջարկել է Դուրովին Telegram-ի շտաբ-բնակարանը տեղափոխել Փարիզ», - գրում է թերթը։

Աղբյուրների խոսքով՝ Դուրովն այն ժամանակ հրաժարվել է։ Բացի այդ, հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ղեկավարն առաջարկել է Ֆրանսիայի քաղաքացիություն տրամադրել նրան։

Արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ ըստ առկա տվյալների՝ Դուրովը Ֆրանսիայի քաղաքացի է դարձել 2021 թվականին։

Բացի այդ, The Wall Street Journal-ի աղբյուրների տեղեկատվությամբ, Ֆրանսիայի և ԱՄԷ-ի հատուկ ծառայությունները 2017 թվականին համատեղ գործողություն են իրականացրել, որը հնարավորություն է տվել կոտրել Դուրովի հեռախոսը։ 

«Հատուկ ծառայությունների գործողությունը, որի մասին ավելի վաղ չի հաղորդվել, անցկացվել է Purple Music կոդային անվանումով», - նշում է հրատարակությունը։

Թերթի տվյալներով՝ ֆրանսիական կողմն այդ պահին մտահոգված էր «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից Telegram-ի հնարավոր օգտագործմամբ՝ հավաքագրման և գրոհներ պլանավորելու համար։

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Ֆրանսիայում օգոստոսի 24-ին, երբ նրա մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում։ Ֆրանսիայի դատախազության հայտարարության համաձայն՝ Դուրովը կասկածվում է 12 հանցագործություն կատարելու մեջ. դրանք բոլորը կապված են Telegram-ի օգտագործման հետ։ Մասնավորապես, հիշատակվում է դրա միջոցով անցկացվող անօրինական գործարքների և խաբեբաների կողմից հարթակի օգտագործման մասին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում