2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի երկու փողոց։ Օգոստոսի 26-ին ազդարարվեց շինաշխատանքների ավարտը: Ծրագիրն իրականացվել է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ շուրջ 92 մլն 484 հազար դրամ, որի 55 տոկոսը համայնքի, իսկ 45 տոկոսը՝ ՀՀ կառավարության չափաբաժինն էր։
Ախուրյան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Աննման Մինասյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ հիմնանորոգվել են Այգաբաց բնակավայրի 380-ական գծամետր երկարությամբ 2-րդ և 8-րդ փողոցները: Համայնքապետարանի առաջարկով և նախաձեռնությամբ զուգահեռ հիմնանորոգվել է նաև դպրոցի մուտքը և հարող՝ 215 քմ մակերեսով տարածքը, տեղադրվել են բետոնե եզրաքարեր: Հիմնական ասֆալտապատումից բացի կառուցվել են նաև միակողմանի մայթեր, տեղադրվել մայթերի եզրաքարեր, ջրատար տաշտակներ:
«Այգաբացում անհիշելի ժամանակներից նման ծավալի շինարարական աշխատանքներ չէին իրականացվել: Հատկապես կարևորում եմ, որ դպրոցի բակն է ասֆալտապատվել, բարեկարգվել: Ամեն անգամ մենք ինքներս ենք ոգևորվում, երբ տեսնում ենք ծաղկող բնակավայրերի ոգևորված բնակիչներին»,-աշխատանքների ավարտին նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր աշխատանքի հիմքում դրված է հենց բնակչի կարծիքն ու պահանջը:
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ևս շնորհավորել է շինաշխատանքների ավարտի առթիվ, հորդորել բնակիչներին խնամքով և մաքուր պահել ճանապարհները: «Կառավարության անմիջական աջակցությամբ այսօր մեծ ծրագրեր ենք իրականացնում բնակավայրերում: Համայնք-մարզային իշխանություն-Կառավարություն օղակը գործում է անխափան և միայն ի շահ ժողովրդի, ի շահ պետության համաչափ զարգացման»,-նշեց համայնքի ղեկավարը:
Արմենուհի Մխոյան