Կրթություն

Հայաստանում կազմակերպվել է «Նորարար միասին» Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբար՝ 8 երկրի դպրոցականների մասնակցությամբ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում կազմակերպվել է «Նորարար միասին» Ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբար՝ 8 երկրի դպրոցականների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) հետ համատեղ Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կազմակերպել է «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ճամբարին մասնակցում են 15-17 տարեկան 16 դպրոցականներ Հայաստանից, Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Ռումինիայից, Ալբանիայից, CREFECO-ի նոր անդամ երկրներ հանդիսացող Վրաստանից, ինչպես նաև Կոսովոյից և Մոլդովայից: 

Ճամբարի շրջանակում CREFECO-ի կողմից Դանիայից հրավիրված ՏՏ ոլորտի մասնագետը կանցկացնի 6-օրյա դասընթացներ: Ճամբարի ծրագրում ընդգրկված են բազմաբնույթ ուսուցողական, ինտելեկտուալ, սպորտային միջոցառումներ։

Ճամբարը բացառիկ և յուրահատուկ հնարավորություն է պատանիների համար թե՛ ֆրանսերենի խթանման, թե՛ նոր կրթական հնարավորությունների փորձարկման, և թե՛ աշխարհի տարբեր երկրներից նոր ընկերների ձեռքբերման համար:

7-օրյա ճամբարը կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը:

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարությանը հատկացված ՀՀ 2024 թ. պետական բյուջեից (1944.0 հազար դրամ) և CREFECO-ի կողմից: 

2017 թվականի նոյեմբերի 17-ին Փարիզում ստորագրվել է Գործընկերության հուշագիր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ ի դեմս  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO), և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային երկրների կրթության նախարարությունների միջև՝ կրթական համագործակցության վերաբերյալ ֆրանկոֆոնիայի ռազմավարության շրջանակում (2015-2022թթ.): 

Հուշագրի շրջանակում CREFECO-ի կողմից գրեթե յուրաքանչյուր տարի կազմակերպվել են ֆրանսերենի միջազգային օլիմպիադաներ. անցկացման երկիրն ընտրվել է ռոտացիոն սկզբունքով (վերջին օլիմպիադան տեղի է ունեցել 2021թ. առցանց ձևաչափով, որը պայմանավորված էր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակով: Ռոտացիոն սկզբունքով անդամ երկրներում անցկացվել են նաև միջազգային ֆրանկոֆոն ամառային ճամբարներ: Հայաստանում այն նախատեսվում էր անցկացնել 2021 թվականին, սակայն կապված համաճարակի հետ՝ տեղի է ունեցել ազգային մակարդակով: 2024 թ. Հայաստանում ճամբարն անցկացվում է միջազգային մակարդակով՝ CREFECO-ի անդամ երկրների դպրոցականների մասնակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում