Երևան

Քաղաքապետարանից պարզաբանել են Երևանում փոշու առաջացման հիմնական պատճառներն ու նշել կանխարգելիչ գործիքակազմը

7 րոպեի ընթերցում

Քաղաքապետարանից պարզաբանել են Երևանում փոշու առաջացման հիմնական պատճառներն ու նշել կանխարգելիչ  գործիքակազմը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ընթացիկ տարվա հունվարից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում Երևանում կառուցապատողների նկատմամբ ընդհանուր առմամբ 249 արձանագրություն է կազմվել շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցերի և օդի որակի մոնիթորինգի սարքավորումների բացակայության վերաբերյալ։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը՝  հավելելով, որ 2023 թվականի սեպտեմբերից մինչև ընթացիկ տարվա օգոստոսն ընկած ժամանակահատվածում էլ ընդհանուր առմամբ 449 նման արձանագրություն է կազմվել, ինչպես նաև՝ նշանակվել տուգանքներ։ Դրանց մեծ մասը վերաբերել է փոշեկլանիչ ցանցերի բացակայությանը։

Երևանում օդի պարունակության մեջ փոշու բարձր չափաբաժնի խնդիրն Ավետիսյանը նախ պայմանավորեց  մայրաքաղաքի՝ կիսաանապատային գոտում գտնվելով և բուսածածկի սակավությամբ։

«Վերջին տարիներին նաև ավելացել են մարդածին գործոնները, որը հատկապես վերաբերում է շինարարությանը։ Ընդհանրապես, Երևան քաղաքում օդում փոշու քանակի ավելացման և այլ գազերով աղտոտվածության երեք պատճառ կա՝ տրանսպորտ, շինարարություն և մայրաքաղաքին հարակից հանքավայրերի շահագործում։ Վերջին տարիներին շինարարության տեմպերի ավելացմամբ պայմանավորված՝ ավելացել է նաև փոշու քանակը, հատկապես՝ շինհրապարակների հարակից տարածքներում: Դրանով պայմանավորված էլ ավելացել են բնակչության բողոքները»,-ասաց Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալը։ 

Նրա խոսքով՝ խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը որոշել է ստեղծել մոնիթորինգի համակարգ՝ նպատակ ունենալով ամբողջ քաղաքում, հատկապես՝ խոցելի կետերում, որտեղ շինարարություն է ընթանում, նախ փոշու չափաքանակը չափել ավտոմատ ռեժիմով, ապա նաև վերահսկել արտանետումները։ 

Ըստ մեր զրուցակցի՝ փոշու արտանետման տեսանկյունից չորրորդ կարգի ռիսկայնություն ունեցող շինարարությունները շուրջ 500-ի են հասնում, Երևանի քաղաքապետարանը չունի համապատասխան ռեսուրսներ՝ անընդհատ այդ շինհրապարակներում լինելու և խախտումներ արձանագրելու։ Այդ իսկ պատճառով անցած տարի համայնքի ավագանին փոփոխություն մտցրեց 2012 թվականի համապատասխան որոշման  մեջ. ըստ փոփոխության՝ կառուցապատողն ամբողջ շինարարության ընթացքում տարածքում պետք է տեղադրի փոշու մակարդակը չափող մոնիթորինգի սարքեր։

Քաղաքապետի որոշմամբ էլ սահմանվեցին նաև այդ սարքերի չափորոշիչները, միացման պայմանները, որից հետո կառուցապատողները սկսեցին տեղադրել դրանք։ Ներկայում այդ սարքերի տվյալները գրանցվում են մեկ ընդհանուր հարթակում, ինչն, Ավետիսյանի հավաստմամբ,  քաղաքապետարանին հնարավորություն է տալիս շատ ավելի արդյունավետ վերահսկել փոշու արտանետումները։

Համապատասխան ստորաբաժանումներն անընդհատ տվյալների մոնիթորինգ են իրականացնում և որևէ շինհրապարակում օդի աղտոտվածության բարձր մակարդակ նկատելու դեպքում մասնագետներն անմիջապես տեղազննություն են կազմակերպում։ Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքով կամ  Երևանի ավագանու որոշմամբ սահմանված պահանջների խախտում հայտնաբերելիս կազմվում է արձանագրություն, նշանակվում՝ տուգանք։

Ավետիսյանը մանրամասնեց, որ ավագանու որոշմանը հաջորդած ժամանակահատվածում 140 կառուցապատող է դիմել քաղաքապետարանին մոնիթորինգի սարքավորումների տեղադրման ժամկետների և դրանց տեսակի մասին պարզաբանումներ ստանալու համար։ Ներկայում տեղադրված է 85 նման սարքավորում։ 

«Յուրաքանչյուր շինհրապարակում տեղադրվում է հիմնականում 1-2 սարքավորում՝ պայմանավորված տվյալ օբյեկտի և աղտոտման աղբյուրի չափերով»,-պարզաբանեց վարչության պետի տեղակալը։

Այդ սարքավորումների ցուցանիշները հասանելի են նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի համապատասխան բաժնում, որտեղ բնակիչները ևս կարող են օնլայն ռեժիմով հետևել շինհրապարակներից արտանետվող փոշու չափաքանակին։

Ըստ Ավետիսյանի՝ փոշու մակարդակի՝ օրենսդրությամբ սահմանված ցուցանիշը գերազանցող արտանետումները հազվադեպ են լինում, ընդ որում՝ կարճ տևողությամբ։ Քաղաքապետարանի աշխատակիցներն արագ արձագանքում են նման դեպքերին՝ մեկնելով տվյալ շինհրապարակ, խնդիրն արագ կարգավորվում է։

«Քաղաքապետարանի կողմից կազմվող արձանագրությունների և տուգանքների գերնպատակը ոչ թե դրանց մեծ թվի ապահովումն է, այլ՝ կառուցապատողների մոտ վարքագծի փոփոխությունը։ Ըստ սարքերով ստացված ցուցանիշների համեմատականի՝ 2022 թվականի համեմատ փոքր-ինչ դրական տեղաշարժ է արձանագրվել այդ  ուղղությամբ»,-ասաց նա։

Անցած տարի Երևանի ավագանու համապատասխան որոշման մեջ ավելացվել է նաև փոշու արտանետումները կրճատելու նոր գործիք։ Ըստ այդմ՝ շինարարության ամբողջ ընթացքում շինհրապարակը և կառուցվող օբյեկտը պետք է պատվի փոշու համար անթափանց ցանցով։ Դրա պահպանումը վերահսկելու նպատակով քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները և հասարակական կարգի պահպանման ծառայությունը մի քանի շինհրապարակ ընդգրկող համապատասխան երթուղիներով շարունակական այցելություններ են իրականացնում, իսկ բողոքների դեպքում՝ նաև արտահերթ են արձագանքում։ Ցանցի բացակայություն հայտնաբերելու դեպքում կազմվում է արձանագրություն, նշանակվում՝ տուգանք։

Ավետիսյանը Երևանի որոշ հատվածներում  փոշու զգալի չափաքանակի առկայությունը պայմանավորեց նաև մոտակա հանքավայրերի ազդեցությամբ։  Խոսքը վերաբերում է հատկապես Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններին մոտակա տարածքների հանքավայրերին։ Անցած տարի փոշու վերաբերյալ բողոքներ են ստացվել, մասնավորապես, Աջափնյակի Սիլիկյան թաղամասից, որը մոտ է գտնվում բազալտի հանքին։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության ամփոփ տվյալների հիման վրա  համապատասխան տեսչությունը 7 արդյունաբերողի մոտ ստուգումներ է իրականացրել, որի արդյունքում  խախտումներ  են հայտնաբերվել, արձանագրություններ կազմվել և տուգանքներ նշանակվել։ 

Վան Նովիկով

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում