Աշխարհ

Ալեն Դելոնի ընտանիքը մտադիր է գաղտնի պահել դերասանի հուղարկավորության մանրամասները

3 րոպեի ընթերցում

Ալեն Դելոնի ընտանիքը մտադիր է գաղտնի պահել դերասանի հուղարկավորության մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնի ընտանիքը ցանկանում է գաղտնի պահել դերասանի հուղարկավորության արարողության մանրամասները՝ տեղեկատվություն չտարածելով լայն հանրության համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Դուշի-Մոնկորբոն կոմունայի քաղաքային վարչությունից։ Հենց այս կոմունայում է տեղի ունենալու դերասանի հուղարկավորությունը։

«Ընտանիքի խնդրանքով, հուղարկավորության մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվի: Քաղաքապետարանը մտադիր է հարգել պարոն Դելոնի ընտանիքի ցանկությունները», - գործակալությանը հայտնել է քաղաքապետարանի վարչական օգնական Աստրիդ Էչարը:

Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հաղորդել էր, որ դերասանին, իր կամքի համաձայն, այս շաբաթ կհուղարկավորեն Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դուշի կոմունայում՝ այն կալվածքում, որտեղ նա ապրել է, և որտեղ թաղված են նրա մի քանի տասնյակ շները։ Արարողության ստույգ ամսաթիվը հայտնի չէ։ Հաղորդվում է, որ արտիստը չի ցանկացել շքեղ հուղարկավորություն և դեմ է եղել այս առիթով ցանկացած խոշոր միջոցառման։ Չնայած դրան, հնարավոր է, որ հանրային արարողություն անցկացվի այն բոլոր գործընկեր դերասանների մասնակցությամբ, որոնք կցանկանան հարգանքի վերջին տուրքը մատուցել Դելոնին։

Կինոյի լեգենդ Ալեն Դելոնը վախճանվել է օգոստոսի 18-ին՝ 88 տարեկանում։

Թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ալեն Դելոնն առավել մեծ ճանաչում է ստացել շնորհիվ իր դերերի, որոնք խաղացել է «Ռոկոն և նրա եղբայրները» (1960 թ.), «Պայծառ արևի տակ» (1960 թ.), «Սամուրայ» (1967 թ.), «Երկուսը քաղաքում» (1973 թ.) ֆիլմերում։ Ալեն Դելոնը «Սեզար» մրցանակի դափնեկիր է «Մեր պատմությունը» ֆիլմի համար և Բեռլինի միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակի դափնեկիր։ 2019 թվականին Կաննի կինոփառատոնում նա պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղի» մրցանակակիր դարձավ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար։

Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին։ Որպես դերասան՝  հայտնիների շարքում հայտնվել է շատ արագ. արդեն 23 տարեկանում նրան համեմատում էին ֆրանսիացի այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ժերար Ֆիլիպը և Ժան Մարեն, ինչպես նաև ամերիկացի դերասան Ջեյմս Դինը։ Դերասանը ֆրանսիական կինոյի ոսկե դարաշրջանի աստղ էր, որը հայտնի էր էկրանին իր կոշտ կերպարով: 

Ընդհանուր առմամբ, նա իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում