Ռուսաստան

ՌԴ-ն հայտնել է, որ Դոնեցկում վերահսկողության տակ է վերցրել երկաթուղային կայարան և Արտեմովո բնակավայրը

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն հայտնել է, որ Դոնեցկում վերահսկողության տակ է վերցրել երկաթուղային կայարան և Արտեմովո բնակավայրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ն հայտնել է, որ վերահսկողության տակ է վերցրել միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության «Վիյեմկա» երկաթուղային կայարանը և Արտեմովո բնակավայրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը նշում էր, որ զորքերի «Յուժնի» խմբավորման ստորաբաժանումները բարելավել են մարտավարական վիճակը՝ վերահսկողության տակ վերցնելով կայարանը, ինչպես նաև պարտության են մատնել հակառակորդի մի քանի բրիգադների։ 

Ըստ հաղորդագրության՝ նաև հարվածներ են հասցվել Ուկրաինայի տարածքային պաշտպանության 116-րդ բրիգադի դիրքերին Կոնստանտինովկա, Չասով Յար, Ելիզավետովկա, Կուչերով Յար և Ռազլիվ բնակավայրերի շրջաններում։ 

Բացի այդ, նշվում է, որ ռուսական զորքերի «Ցենտր» խմբավորումը վերահսկողության տակ է վերցրել նաև միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտեմովո բնակավայրը։

ՌԴ ՊՆ-ն նաև հաղորդագրություններ է տարածել Կուրսկի մարզ ներթափանցած ուկրաինական ուժերի տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման մասին։ Ըստ գերատեսչության՝ օգոստոսի 6-ին Կուրսկի ուղղությամբ մարտերի ընթացքում ուկրաինական կողմը կորցրել է մինչև 3800 զինծառայող, տասնյակ տանկեր, զրահամեքենաներ, յոթ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և այլն։

Ուկրաինական զորքերի ներխուժումից հետո Կուրսկի մարզի ինը շրջաններից, ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության, տարհանվել է ավելի քան 121 000 մարդ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում