1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է կայանի երկրորդ էներգաբլոկում 25 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսքի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իրազեկված է, որ 2024 թվականի օգոստոսի 9-ին TEPCO ընկերությունը ջրի արտահոսք է հայտնաբերել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի 2-րդ էներգաբլոկում, որի հետևանքով օգտագործված վառելիքի հովացման համակարգի պոմպային բաժանմունքից և ջերմափոխանակիչի սրահից արտահոսել է մոտ 25 տոննա ջուր», - հայտարարել են գործակալությունում:
Ջուրը կոյուղու համակարգերով լցվել է նկուղային հարկաբաժին։ Շրջակա միջավայր ջրի արտահոսքի մասին չի հաղորդվում։
Որպես նախազգուշական միջոց՝ TEPCO-ն դադարեցրել է օգտագործված վառելիքի առաջնային հովացման պոմպի աշխատանքը՝ պատճառն ուսումնասիրելու համար, ինչպես նաև գնահատել է ավազանում ջերմաստիճանի մակարդակը: TEPCO-ն հաստատել է, որ ջերմաստիճանը նորմալ միջակայքում է։