Վրաստան

Վրաստանի վարչապետը շնորհավորել է երկրի բնակչությանը Դավիթ Շինարարի հիշատակի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը շնորհավորել է երկրի բնակչությանը Դավիթ Շինարարի հիշատակի օրվա առթիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է երկրի բնակիչներին սուրբ թագավոր Դավիթ IV Աղմաշենեբելիի (Շինարար) հիշատակի օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ նշելով, որ Վրաստանում այդ տոնը կոչվում է «Դավիթոբա»։

«Ուզում եմ շնորհավորել բոլորին այս օրվա՝ Դավիթոբայի կապակցությամբ: Դավիթ Աղմաշենեբելին Վրաստանի պայծառության, միավորման և վերականգնման խորհրդանիշն է: Ցանկանում եմ բոլորին մաղթել մեր հայրենիքի պայծառություն, միավորում և վերականգնում»,-գրել է Կոբախիձեն սոցցանցում։

Դավիթը թագավոր է Բագրատիոնների տոհմից՝ Գեորգի II-ի որդին, միջնադարյան Վրաստանի ամենանշանավոր պետական ​​գործիչներից մեկը։

Նա գահակալել է 1089-1125 թվականներին։ Իր 36-ամյա գահակալության ընթացքում նա Վրաստանը դուրս է բերել լիակատար ավերված վիճակից, միավորել երկիրը, վերակազմավորել կառավարական կառույցները, ստեղծել կանոնավոր բանակ՝ երկիրը դարձնելով անկախ ու հզոր։

Սուրբ Դավիթի օրոք Վրաստանում կառուցվել են տասնյակ եկեղեցիներ ու վանքեր, ստեղծվվել են նոր քաղաքներ, ընդարձակվել՝ հները։ Իր գործունեության համար թագավորը ստացել է «Շինարար» մականունը։

Վրաց ուղղափառ եկեղեցին 13-րդ դարի վերջին Դավիթ Շինարարին սրբադասել է որպես բարեպաշտ թագավոր՝ բացառություն անելով միայն նահատակներին և սրբերին սրբադասելու կանոնից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում