Մարզեր

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

3 րոպեի ընթերցում

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Ստեփանավանում բազմաբնակարան փայտե շենքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով, 29 քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13-ը՝ հարազատների բնակարաններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից՝ այս մասին նշվել է Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման համար փետրվարի 8-ին Ստեփանավանի համայնքապետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ Արմեն Առաքելյանը, Ստեփանավանի ՄՍԾ տնօրեն Անժելա Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ։ 

Քննարկվել են Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և առաջիկա անելիքները։ 

Տարհանված քաղաքացիներից 6-ն անչափահաս երեխա է։

Մարզպետի աշխատակազմից վստահեցրել են, որ բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ հրատապության՝ նաև դեղորայքով։

Համայնքապետարանի աշխատակիցները ներկայացրել են, որ կատարվել է առաջնային գնահատում, ըստ հրատապության՝ բնակիչներին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն։ 

Նշվում է նաև, որ բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել է Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի բժշկական կենտրոնում։ Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։ Նրանցից 1-ը Փրկարար ծառայության աշխատակից է, որը ստացել է ձեռքի թեթև վնասվածք։

Հանձնարարվել է արձագանքել քաղաքացիների բոլոր խնդիրներին և արագ տալ լուծումներ։

ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ փրկարարները շենքից տարհանել էին 27 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։ Փրկարարները հայտնաբերել էին 1 քաղաքացու դի։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում