Սպորտ

Փարիզ-2024. Կարեն Գիլոյանը բավարար է գնահատում Հայաստանը ներկայացնող մարզիկների արդյունքներն Օլիմպիական խաղերում

3 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Կարեն Գիլոյանը բավարար է գնահատում  Հայաստանը ներկայացնող մարզիկների արդյունքներն Օլիմպիական խաղերում

ՓԱՐԻԶ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների կատարած աշխատանքը: 

«Օլիմպիական խաղերն ամենադժվար մարզական իրադարձություններն են, որը կազմակերպիչների համար դառնում է լուրջ փորձություն: Սա իմ 9-րդ Օլիմպիական խաղերն էին, ու Փարիզ-2024-ը մտնում է իմ տեսած խաղերի լավագույն եռյակի մեջ: Փարիզը՝ որպես սիրով լի քաղաք, կարողացավ սիրով ընդունել իր հյուրերին»,- «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը:

Գիլոյանն ընդգծեց, որ պետք է հաշվի առնել` Հայաստանը մասնակցում էր 15 մարզիկով, որոնցից 3-ը «սպիտակ քարտով»։ Նրա խոսքով՝ այդ տեսանկյունից թվերը շատ խոսուն են: 

«Ես մարզիկների գրանցած արդյունքները կգնահատեմ բավարար: Չեմ համարում ձախողված, չեմ համարում նաև ֆանտաստիկ: Այն ռազմավարությունը, որը որդեգրել է կառավարությունը, չի կարող այդքան արագ արդյունք տալ: Սպորտում այսօրվա ներդրումը վաղը մեդալի չի վերածվում: Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում ես հստակ պատասխան կտամ` մենք ճիշտ ե՞նք անում, թե՞ ոչ: Գիտեմ, հիմա շատերը կսկսեն քննադատել, բայց մի փոքր համբերություն է պետք: Բայց մեջբերեմ վիճակագրական մի քանի թվեր. 1996 թվականից մինչև 2024 թվականը որակապես ավելի լավ եղել են միայն 1996 և 2016 թվականների Օլիմպիական խաղերը, երբ ունեցել ենք չեմպիոններ: Այս երկու խաղերից հետո Փարիզ-2024-ը մեզ համար ամենալավն է որակապես` երեք արծաթ, մեկ բրոնզ»,-առանձնացրեց նա:  

Ըստ Գիլոյանի՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ընդհանուր ամփոփումներ կլինեն բոլոր մարզաձևերում, վերլուծություններ կարվեն ու կհստակեցվեն առաջիկա անելիքները։ 

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ: Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզե մեդալ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը: 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում