Սպորտ

Փարիզ-2024. Օլիմպիական խաղերն ավարտված են. հաջորդը կհյուրընկալի Լոս Անջելեսը

3 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Օլիմպիական խաղերն ավարտված են. հաջորդը կհյուրընկալի Լոս Անջելեսը

ՓԱՐԻԶ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերն ավարտված են:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի լեգենդար մարզադաշտում` «Stade de France»-ում, կայացած փակման արարողությունը բավականին ընդգրկուն էր: Արարողությունը մեկնարկեց Լուվրի հրապարակից կրակի տեղափոխությամբ դեպի մարզադաշտ: Այն վստահված էր Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդ Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Լեոն Մարչանդին:

Պաշտոնական արարողությանը ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:

Փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի, աշխարհի առաջնության քառակի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանն էր:

Հենց փակման արարողության ժամանակ էլ կայացավ Օլիմպիական խաղերի ամենահին մարզաձևի` մարաթոնյան վազքի պարգևատրման արարողությունը: Կանանց պայքարում ՕԽ ոսկե մեդալակիրը Նիդեռլանդներից Սիֆան Հասանն է:

«Սիրելիս մարզիկներ, դուք մոգական էիք, դուք մեզ երջանկության բազմաթիվ պահեր պարգևեցիք, դուք մեզ ուրախության պահեր նվիրեցիք, շնորհակալություն: Եվ մենք նորից կվերամիավորվենք, երբ կգա ժամանակը, հաջորդ խաղերին` Լոս Անջելեսում»,-ասաց «Փարիզ-2024»-ի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգենը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն իր խոսքով ընդգծեց, որ միավորվելով Փարիզում` մարզիկներն այն առավել լուսավոր դարձրեցին:

«Դուք ոգեշնչեցիք մեզ, դուք ոգեշնչեցիք ամբողջ աշխարհին, այս օրերին ապրելով կողք կողքի,նույնիսկ այն պարագայում, երբ ձեր երկրներից որոշները տարաձայնություններ ունեն միմյանց հետ: Շնորհակալություն, որ կարողացաք մեզ ցույց տալ, որ հնարավոր է ստեղծել առավել լավ աշխարհ: Այս խաղեր սենսացիոն էին մեկնարկից, մինչև վերջին պահը: Փարիզի խաղերով մեկնարկեց խաղերի նոր դարաշրջանը»,-ասաց նա:

Փակման պաշտոնական արարողությունը եզրափակվեց օլիմպիական դրոշի փոխանցմամբ` Փարիզից Լոս Անջելեսին: Այն մարզադաշտից դուրս բերեց հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Կրուզը:

2028 թվականի Օլիմպիական խաղերը կկայանան Լոս Անջելեսում:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ:

Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ ԱրթուրԴավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը:

 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում