ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարաքար-Էջմիածին մայրուղում 4-րդ անգամ կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը որին այս տարի մասնակցեց 2000-ից ավելի մասնակից:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցաշարն անցկացվեց 3 տարիքային խմբերով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով:
1-ին տարիքային խմբում ընդգրկված էին 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ տարիքային խմբում՝ 18-40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ տարիքային խմբում 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ էին(1983 թ. ծնված և բարձր):
Դպրոցականների պայքարում տղաների լավագույն եռյակում են Գառնիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Նարեկ Իսավերդյանը, աղջիկների՝ Ռոզա Սիմոնյանը, Մարգարիտա Կարապետյանը, Անահիտ Մարգարյանը:
Կանանց և տղամարդկանց պայքարում մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Սպարտակ Ոսկանյանը, Դմիտրի Կորոլևը, Միքայել Միքայելյանը. Աննա Բորիսենկոն, Կատյա Գալստյանը, Սառա Ստայցը:
41 և բարձր տարիքային խմբում տղամարդկանց պայքարում առաջին երեք տեղերում են Գևորգ Թորոսյանը, Համազասպ Մամիկոնյանը,Գուրգեն Մարտիրոսյանը, իսկ կանանց մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրեցին Լիանա Հարությունյանը, Քրիստինե Միկոյանը, Հասմիկ Հարությունյանը:
Առանձին գործող աթլետների պայքարում կանանց մեջ լավագույններն էին Էլլադա Ալավերդյանը, Լիլիթ Հարությունյանը և Մարի Սարգսյանը, տղամարդկանցից` Երվանդ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Վանյա Սարգսյանը:
ՀՀ վարչապետի կողմից հատուկ մրցանակների արժանացան ամենատարեց մասնակիցները`Սիրվարդ Բաղյանը և Աշոտ Դալագյոզյանը:
Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները նաև դրամական մրցանակներ ստացան.
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
5-10-րդ տեղ՝ 50.000-ական ՀՀ դրամ:
Պարգևատրման արարողությանը մասնակցեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և այլոք:
Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհավորանքով դիմեց Շիրակի մարզի մասնակիցներին, քանի որ հաղթողների շարքերում ամենաշատը հենց Շիրակի մարզի ներկայացուցիչներն էին:
«Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնա մեր առօրյայի մի մասը: Մասնակիցները նախորդ ամբողջ տարվա ընթացքում ակտիվ կյանքով են ապրել, և նրանցից ոչ բոլորն են մարզիկներ: Ուզում ենք, որ մեր մարզիկներն առավել ակտիվ լինեն, բայց և ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ապրեն ակտիվ կյանքով: Սա մի յուրատեսակ ստուգատես է նաև դպրոցահասակների ու նրանց ուսուցիչների համար»,-ասաց վարչապետը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը գոհ է, որ վազքի մրցաշարին առավել շատ մասնակցում են դպրոցականները:
«Բոլոր «Վարչապետի գավաթ»-ները միասին վերցրած՝ մոտ 40 տոկոս աճ են ունեցել նախորդ տարիների հետ համեմատ: Այս տարի մրցաշարերին մասնակցել է մոտ 9000 մասնակից: Այս մրցաշարերը ծառայում են իրենց նպատակին: «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կարող ենք արդեն միջազգային համարել, քանի որ ունենք նաև այլ երկրների մասնակիցներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Խճուղավազքի սիրողական մրցաշարը «Վարչապետի գավաթ»-ների շարքում ընթացիկ տարվա վերջին մրցաշարն էր: