ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հերացի փողոցում օգոստոսի 11-ի առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության։
Ըստ աղբյուրի՝ 8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին տեղեկություն է ստացել, որ Հերացի փողոցի վերնանցումի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Բեռնատարից և ավտոբուսից առկա է վառելիքի արտահոսք:
Նշվում է, որ, ճշտված տվյալների համաձայն, 17 տուժածներ տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական կենտրոններ. մի քանի տուժածի փրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին՝ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: