Չինաստան

Չինաստանում դիակիզարաններից 4000 դի են գողացել՝ պրոթեզների պատրաստման նպատակով

2 րոպեի ընթերցում

Չինաստանում դիակիզարաններից 4000 դի են գողացել՝ պրոթեզների պատրաստման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում հանցավոր խումբը դիակիզարաններից և բժշկական լաբորատորիաներից գողացել է մոտ 4000 դի՝ բժշկական, այդ թվում՝ ատամնային պրոթեզների պատրաստման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ South China Morning Post-ը հաղորդել է, որ հանցագործները մոտ 380 մլն յուան ​​(մոտ 53 մլն դոլար) են վաստակել ոսկրային հյուսվածքների վաճառքի անօրինական բիզնեսից։ 

Իրավաբան Ի Շենհուան հայտնել է, որ Թայյուան ​​քաղաքի ոստիկանությունը հետաքննում է ալոգեն պրոթեզների պատրաստման համար մարդկանց դիակների զանգվածային գողությունների գործը։ Նրա խոսքով՝ Shanxi Aorui Biomaterials ընկերությունն ապօրինաբար դիակներ և վերջույթներ է գնել Սիչուանի և Շանդունի նահանգներում, ինչպես նաև Գուանսի Չժուանի ինքնավար շրջանում։

Շենհուանը նշել է, որ ոստիկանությունն առգրավել է 18 տոննա ոսկոր և ավելի քան 34 000 պատրաստի կամ գործնականում ավարտված պրոթեզ։ Նրա աղբյուրները նաև նշել են, որ Shanxi Aorui Biomaterials-ի գլխավոր տնօրենը խոստովանել է ավելի քան 4000 մարդկային դիերի հափշտակությունը Յունանի, Գույչժոուի և Սիչուանի նահանգների, ինչպես նաև Չունցին քաղաքի դիակիզարաններից: 

Դիակիզարանների աշխատակիցներն անդամատել են դիերը՝ տեղափոխման և հետագա մշակման համար։ Մարդկանց դիակների մատակարարների թվում նաև նշված է Ցինդաոյի համալսարանական հիվանդանոցին կից Լյարդի ուսումնասիրության ​​կենտրոնը:

Ըստ իրավաբանի տեղեկատվության՝ հանցավոր սխեմային մասնակցության համար այս գործով, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 75 կասկածյալ։

Սովորաբար ալոգեն պրոթեզները պատրաստվում են այն հիվանդների ոսկրային նյութից, որոնք ենթարկվում են զանազան վիրաբուժական միջամտությունների, օրինակ՝ կոնքազդրային հոդի փոխարինման: Սակայն այդ նպատակների համար ոսկրային հյուսվածք վերցնելը պետք է տեղի ունենա հիվանդի համաձայնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում