Լատվիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրության շուրջ
2 րոպեի ընթերցում

Լատվիան և Ուկրաինան կզբաղվեն անօդաչու համակարգերի համատեղ մշակմամբ, արտադրությամբ և փորձարկմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդել է Լատվիայի պաշտպանության նախարարությունը։
Համապատասխան հուշագրերը Ռիգայում ստորագրել են լատվիական և ուկրաինական կողմերը։ «Նրանց նպատակն է նպաստել անօդաչու համակարգերի արտադրության բնագավառում հավակնոտ ներդրումային նախագծերի զարգացմանը, տեխնոլոգիաների փոխանցմանը և Լատվիայում տեխնոլոգիաների փորձարկումների համար ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Ստորագրված հուշագրերը ներառում են համագործակցության մի քանի լրացուցիչ բնագավառներ՝ անօդաչու համակարգերի և դրանց բաղադրիչների մշակման ու արտադրության մեջ ներդրումների ներգրավում, տեխնոլոգիաների փոխանցում և արդյունաբերական ներուժի ամրապնդում, ինչպես նաև ցուցադրական, փորձարկման և ինովացիոն ենթակառուցվածքի զարգացում։
Ընդհանուր առմամբ դրանք հիմք են ստեղծում Լատվիայում անօդաչու համակարգերի և կրկնակի նշանակության տեխնոլոգիաների մրցունակ էկոհամակարգի զարգացման համար, նպաստելով ներդրումների ներգրավմանը, ինովացիաների զարգացմանը և բարձր ավելացված արժեքով արտադրանքի արտադրությանը», - հավելել է նախարարությունը։
Լատվիայում համոզված են, որ այս համագործակցության կարևոր ասպեկտը սերտ գործընկերությունն է ուկրաինական ընկերությունների հետ, որոնք բացառիկ փորձ ու գիտելիքներ են կուտակել անօդաչու համակարգերի մշակման բնագավառում։