Չինաստան

Գյուղական վերածնունդը Չինաստանում․ երբ զբոսաշրջությունը փոխում է համայնքների կյանքը

7 րոպեի ընթերցում

Գյուղական վերածնունդը Չինաստանում․ երբ զբոսաշրջությունը փոխում է համայնքների կյանքը

Չնայած Չինաստանի հսկայական տնտեսությունն ու գերժամանակակից մեգաքաղաքները զարգացած երկրի բազմաթիվ հատկանիշներ ունեն, այն պաշտոնապես շարունակում է դասվել զարգացող պետությունների շարքին՝ լինելով աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը։

Միևնույն ժամանակ, երկրի որոշ շրջաններ, հատկապես նահանգների գյուղական համայնքները, վերջին տարիներին դարձել են աղքատության հաղթահարման նպատակային ծրագրերի և գյուղական վերակենդանացման նախաձեռնությունների հիմնական շահառուները։

Չինաստանի կառավարությունը գյուղական բնակավայրերում իրականացրել է արդիականացման մի շարք ծրագրեր, որոնց հիմնական նպատակը տեղական բնակչության կենսամակարդակի բարձրացումն է։

Գանսու նահանգի Լինթաո գավառի լեռնային ու խաղաղ Շուեյչու գյուղը վերակենդանացող բնակավայրի հաջողված օրինակներից է։

Գյուղը, պահպանելով ավանդական գյուղատնտեսությունը, միաժամանակ զարգացրել է զբոսաշրջային և մշակութային ուղղությունները։ Պետական համակարգման և շուկայական կառավարման համադրությամբ այստեղ ստեղծվել են նոր աշխատատեղեր, աճել են բնակիչների եկամուտները և ամրապնդվել է տեղական տնտեսությունը։

Շուեյչուն ունի բարենպաստ տրանսպորտային հասանելիություն և հարուստ բնական միջավայր։ Գյուղում կա 332 մշտական տնտեսություն՝ ընդհանուր 1,394 բնակչով, իսկ վարելահողերի մակերեսը կազմում է 89.3 հեկտար։

Վերջին տարիներին գյուղը զգալիորեն փոխել է իր տնտեսական կառուցվածքը՝ դուրս գալով բացառապես ավանդական գյուղատնտեսության շրջանակներից։ Մաքուր բնության, գեղատեսիլ լանդշաֆտների և տեղում աճեցվող մրգերի ու բանջարեղենի շնորհիվ այստեղ համատեղվել են գյուղատնտեսությունը, մշակույթն ու զբոսաշրջությունը՝ ձևավորելով եկամտի նոր աղբյուրներ։ Այս ռազմավարության առանցքում Longshang Bali Xiangsu ապրանքանիշն է, որի նպատակն է ներգրավել զբոսաշրջիկների՝ միաժամանակ պահպանելով գյուղի ինքնատիպ կերպարն ու բարելավելով բնակիչների կենսապայմանները։

2025 թվականին գյուղում ներդրվել է համագործակցության նոր մոդել, որը միավորել է Չինաստանի կոմունիստական կուսակցության տեղական կազմակերպությունը, գյուղական համայնքը, կոոպերատիվներն ու ֆերմերներին։ Ծրագրի կառավարումը վստահվել է քաղաքային իշխանություններին պատկանող գյուղատնտեսական ներդրումային ընկերությանը, որը գործում է շուկայական սկզբունքներով։ Այս մոտեցումը շոշափելի արդյունքներ է տվել։ Այսօր գյուղն ամեն տարի ընդունում է ավելի քան 8,000 այցելու, աշխատանք է ապահովում տեղի ավելի քան 60 բնակչի համար, իսկ գյուղացիների ընդհանուր եկամուտն աճել է ավելի քան 1 միլիոն յուանով (մոտ 150,000 ԱՄՆ դոլար)։ Գյուղական համայնքի տարեկան եկամուտը գերազանցում է 500,000 յուանը, որի գրեթե կեսն ապահովվում է զբոսաշրջությունից և հարակից ծառայություններից։ Արդյունքում զբոսաշրջությունն ու գյուղական նոր տնտեսությունները դարձել են Շուեյչուի զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։

Ինչպե՞ս է գործում այս մոդելը

Փոխանակ գյուղը դիտարկելու բացառապես որպես գյուղատնտեսական տարածք՝ տեղական իշխանությունները այն վերածել են զբոսաշրջային ուղղության, որտեղ այցելուները կարող են անմիջականորեն ծանոթանալ գյուղական կյանքին։

«Քաղաքներում բնակվող շատ մարդիկ հանգստյան օրերին կամ տոներին գալիս են այստեղ՝ վայելելու խաղաղ բնությունն ու մաքուր օդը: Գեղեցիկ լեռնային բնապատկերները, ինչպես նաև տեղում աճեցվող մրգերն ու բանջարեղենը մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների շրջանում»,- «Արմենպրես»-ին պատմեց տեղացի պաշտոնյան։

Նախագծի ամենաուշագրավ բաղադրիչներից մեկը համատեղ օգտագործվող բանջարանոցն է. այն քաղաքաբնակներին հնարավորություն է տալիս վարձակալել փոքր հողամասեր, որտեղ նրանք կարող են սեփական ձեռքով աճեցնել, հավաքել և համտեսել թարմ մրգեր ու բանջարեղեն՝ միաժամանակ զգալով գյուղական կյանքի առանձնահատկությունները։ Ցանկացողները կարող են անձամբ մասնակցել գյուղատնտեսական աշխատանքներին կամ պարզապես օգտվել իրենց վարձակալած հողամասում աճեցված բերքից։

«Քաղաքաբնակները հաճույքով գալիս են այստեղ, որովհետև հոգնում են մեծ քաղաքի արագ տեմպից և ցանկանում են հանգստանալ ու վերականգնել կապը բնության հետ»,-նշեց տեղացի զբոսավարներից մեկը։

Գյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի այն դառնա հարմար հանգստյան գոտի՝ ինչպես հարակից քաղաքների բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։

«Այստեղ աճեցվող բերքի արտադրության ընթացքում բացարձակապես քիմիական նյութեր չեն օգտագործվում»,- նշեց տեղական պաշտոնյան՝ մատնանշելով գյուղի բերրի վարելահողերը։

Շուեյչուում աճեցվում են եգիպտացորեն, կարտոֆիլ, լոլիկ, ինչպես նաև հայտնի Լանժոուի շուշանը, որը լայնորեն կիրառվում է ինչպես ավանդական չինական բժշկության մեջ, այնպես էլ չինական խոհանոցում։

Լանժոուի շուշանը Չինաստանում աճեցվող միակ ուտելի քաղցր շուշանի տեսակն է։ Այն հայտնի է նեֆրիտի նման իր սպիտակ սոխուկներով, դառնության բացակայությամբ և բացառիկ՝ շուրջ ինը տարի տևող աճեցման ցիկլով։

Այս բույսը մշակվում է բացառապես Գանսու նահանգի Լանժոու քաղաքը շրջապատող բարձրադիր լեռներում։ Շուշանի սոխուկները հարուստ են օսլայով և լայնորեն օգտագործվում են ապուրների, աղցանների և այլ ուտեստների պատրաստման մեջ։ Դրանցից պատրաստվում է նաև առողջարար հատկություններով գնահատվող զովացուցիչ ըմպելիք։ Այս արտադրանքը մեծ պահանջարկ ունի ինչպես Չինաստանում, այնպես էլ արտերկրում, և տեղական իշխանությունները ծրագրում են ընդլայնել դրա արտահանումը։

Շուեյչու գյուղը Գանսու նահանգում իրականացվող հաջողված զարգացման ծրագրերի բազմաթիվ օրինակներից միայն մեկն է։ Գյուղական արդիականացման, արդյունաբերական վերափոխման, զբոսաշրջության զարգացման և տնտեսական աճի ուղղությամբ Չինաստանի կառավարության նախաձեռնությունները բազմաթիվ գյուղեր վերածել են զարգացման և նոր հնարավորությունների կենտրոնների։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում