ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երկու թիմեր` «Փյունիկ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն, ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում մրցեցին, համապատասխանաբար, ղազախական «Օրդաբասի»-ի ու հունգարական «Պուշկաշ Ակադեմիա»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկ»-ին հաջողվեց մեկ գնդակի շնորհիվ առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Խաղի 56-րդ րոպեին «նռնագույնների» միակ և հաղթական գնդակը խփեց Օտուբանջոն: «Օրդաբասի»-«Փյունիկ»` 0:1:
Միաժամանակ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած «Արարատ-Արմենիա»-«Պուշկաշ Ակադեմիա» խաղում հունգարական թիմին հաջողվեց առավելության հասնել խաղի ավարտից մեկ րոպե առաջ խփած միակ գնդակի շնորհիվ: Գոլն իր ակտիվում գրանցեց Սոիմալոն:
Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց: