Կրթություն

Հայաստանում ուսումը շարունակել ցանկացող սփյուռքահայերի ընդունելությունը շարունակվում է. հայտերի ընդունումը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը

4 րոպեի ընթերցում

Հայաստանում ուսումը շարունակել ցանկացող սփյուռքահայերի ընդունելությունը շարունակվում է. հայտերի ընդունումը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքից հայաստանյան բուհերում սովորելու համար հայտ է ներկայացրել 228 դիմորդ, որոնք հիմնականում դիմել են բակալավրի կրթական աստիճանի համար: Ընդունելությունը շարունակվում է, հայտերի ընդունումը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և Սփյուռքի վարչության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը՝ նշելով, որ ընդունելությունը իրականացվում է ոչ միայն բակալավրիատի, այլ նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աստիճանների համար: 

«Այս տարի ընդունելությունը մեկնարկել է հունիսի 15-ից, իսկ վերջնաժամկետը օգոստոսի 23-ն է: Քննությունները, որոնք սփյուռքի դիմորդների համար  անցկացվում են պարզեցված կարգով, լինելու են օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Կրթական հաստատություններում ձևավորվելու են հանձնաժողովներ, որտեղ իրականացնելու են գիտելիքների ստուգում, և, երբ դիմորդը հաղթահարում է դրական շեմը, հրամանագրվում և հնարավորություն է ստանում սովորել Հայաստանում  իր նախընտրելի  թե՛ մասնավոր, թե՛ պետական, թե՛ միջազգային բուհերում»,- նշեց Կարեն Մնացականյանը: 

Խոսելով առհասարակ սփյուռքից դիմորդների քանակից՝ նա ընդգծեց, որ 2023-թվականին ունեցել են 1000 և ավելի սփյուռքահայ դիմորդներ:  

Այս տարվա համար վերջնական պատկեր Մնացականյանը դժվարացավ ներկայացնել՝ նշելով, որ դեռ մոտավոր երեք շաբաթ ժամանակ կա դիմումներն ընդունելու համար, և պատկերը կարող է փոխվել: Ըստ նրա՝ նախորդ տարվա համեմատ տարբերությունը մեծ չի լինի: 

Մնացականյանը նշեց՝ դիմորդները հիմնականում  Վրաստանից են՝ Ջավախքից,  և Ռուսաստանի Դաշնությունից: 

Խոսելով սփյուռքի ուսանողների կողմից ամենապահանջված մասնագիտություններից՝ նա ասաց, որ վերջին տարիներին առավել շատ դիմում  են բժշկական մասնագիտությունների համար․ դիմում են նաև տնտեսագիտական, ծրագրավորման և տեխնիկական մասնագիտացումների համար: 

Մնացականյանը խոսեց նաև փոփոխությունների մասին՝ նշելով, որ մի քանի օր առաջ հաստատվել է դիմելու նոր կարգը, որի արդյունքում մյուս տարի ընդունելության քննությունները իրականացվելու են բացառապես առցանց եղանակով, իսկ այս տարի իրականացվելու է հիբրիդային տարբերակը:

«Այս տարի փոփոխություն է կատարվել նաև միջին մասնագիտական կրթության օրենքում, ըստ որի Հայաստանի դպրոցներն ավարտած ազգությամբ  հայ,  բայց Հայաստանի քաղաքացիություն չունեցող  դիմորդները սփյուռքահայերի համար նախատեսված կարգով չեն կարող դիմել հայկական միջին մասնագիտական կրթական հաստատություններ՝ ուսումնարաններ և քոլեջներ: Այս փոփոխության արդյունքում  այս տարի միջին մասնագիտական հաստատություններում դիմումները մի փոքր քիչ են»,-ասաց ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետը:

Մնացականյանը նշեց՝ ծրագրի շրջանակում ունեն 70 պետպատվերի տեղեր, որոնք նախատեսված են մշակութային և հայագիտական մասնագիտությունների համար:

«Գաղափարը նրանում է, որ սփյուռքից դիմորդները պետության օժանդակությամբ կարողանան կրթություն ստանալ, հետ գնալ և համայնքները զարգացնել՝ սովորելով մանկավարժական գիտելիքներ, պատմություն, հայոց լեզու և գրականություն, հայագիտություն և ազգային երգ պար ու թատրոն»,- նշեց նա:

Բաժնի ղեկավարը շեշտեց՝ ընդունելության համար կա փաստաթղթերի ցանկ, որին սփյուռքի դիմորդները կարող են ծանոթանալ ԿԳՄՍ նախարարության համապատասխան հայտարարության մեջ: Ըստ նրա՝ ամեն տարի նախարարի հրամանից հետո հայտարարությունը հրապարակվում է, որտեղ նկարագրված են թե՛ ժամկետները, թե՛ փաստաթղթերի ցանկը:

Գայանե Գաբոյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում