Ռուսաստան

Պուտինը Կուրսկի մարզում մարտերն անվանել է «լայնամասշտաբ սադրանք»

2 րոպեի ընթերցում

Պուտինը Կուրսկի մարզում մարտերն անվանել է «լայնամասշտաբ սադրանք»

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Կուրսկի մարզում ընթացող մարտերին՝ դա անվանելով Ուկրաինայի կողմից «հերթական լայնամասշտաբ սադրանք»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինի ելույթի տեսանյութը տարածել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Ինչպես գիտեք, Կիևի ռեժիմը ձեռնարկել է հերթական լայնամասշտաբ սադրանքը։ Այն անկանոն կրակ է վարում տարբեր տեսակի զենքերով, այդ թվում՝ հրթիռներով, քաղաքացիական շենքերի, բնակելի շենքերի և շտապօգնության մեքենաների ուղղությամբ», - ասել է ՌԴ նախագահը։

Նա հայտնել է, որ խորհրդակցությունից հետո հանդիպում կունենա անվտանգության կառույցների հետ և կլսի նրանց զեկույցը Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Պուտինը հավելել է, որ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատարին հանձնարարել է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել մարզի բնակիչներին, նաև կառավարությանն է խնդրել անհապաղ զբաղվել այդ հարցով։ 

Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ի առավոտյան փորձել են ներխուժել Կուրսկի մարզի տարածք։ Ըստ ռուսական կողմի՝ մինչև 300 զինծառայող 11 տանկի և ավելի քան 20 զրահամեքենայի աջակցությամբ գրոհել են Ռուսաստանի պետական ​​սահմանին գտնվող ստորաբաժանումների դիրքերը։ Ռուսական ուժերը թույլ չեն տվել նրանց առաջխաղացումը։ Մարտերը շարունակվել են նաև օգոստոսի 7-ի գիշերը և օրվա ընթացքում։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ ուկրաինական կողմը կորցրել է 260 զինծառայող և 50 միավոր զրահատեխնիկա։

Ըստ մարզի իշխանությունների՝ խաղաղ բնակիչների շրջանում կա 5 զոհ, տասնյակ վիրավորներ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում