Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է․ 

«Այսօր մենք ոգեկոչում ենք եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցը, երբ 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ զոհ գնացին հազարավոր եզդիներ, իսկ տասնյակ հազարավորներն էլ դարձան փախստականներ:

Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների մասին, 2018 թվականին ընդունել է ԱԺ հայտարարություն, իսկ այս տարի էլ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 3-ը Հայաստանում նշվում է որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանի ու աշխարհի եզդիներին եւ վստահեցնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգային հնարավորությունների շրջանակում շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ բացառելու մարդկության դեմ ուղղված նման ոճրագործությունների կրկնությունը»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում