Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «Ռենդերֆորեսթ» ընկերություն

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «Ռենդերֆորեսթ» ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ օգոստոսի 2-ին այցելել է «Ռենդերֆորեսթ» ընկերություն, որն ավտոմատացված դիզայնի և տեսանյութերի ստեղծման առցանց հարթակ է: Այն առաջարկում է թվային բովանդակություն ՝ ներառյալ տեսանյութեր, անիմացիաներ, վեբ կայքեր, տարբերանշաններ, մակետներ, սոցիալական մեդիայի գրաֆիկներ, սահիկաշարեր ստեղծելու գործիքների փաթեթ։ Հարթակն ունի ավելի քան 20 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, չնայած ընկերությունը հիմնադրվել է Երևանում 2013 թվականին, 2024 թվականին բացվել է ընկերության նոր գրասենյակը` «Վուդս» կենտրոնում, այս անգամ ևս՝ ոչ ստանդարտ մտահղացումներով ու լուծումներով։ Նոր գրասենյակը ունի 600 աշխատատեղ, միջոցառումների և կոնֆերանսների սրահներ։ Ունի նաև նորարարական կրթական կենտրոն տարեկան 2000 ուսանողի համար կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությամբ, ինչպես նաև պրոֆեսիոնալ գրադարան՝ 10 000 գրքերի ֆոնդով։  

«Վուդս» կենտրոնի տնօրեն Արթուր Սաֆարյանը, նախարարին ներկայացնելով ընկերության անցած ուղին և ներկա գործունեությունը, ծանոթացրել է կենտրոնի բազմաֆունկցիոնալ հնարավորություններին, իրականացվող ծրագրերին, անդրադարձ է եղել նաև ընկերության կրթական կենտրոնին՝ Արդի ակադեմիային։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը խոսվել է համագործակցության մի շարք հնարավորություններից, այդ համատեքստում՝ պետություն֊մասնավոր հատված կապից: Նախարարը ներկայացրել է ոլորտի աջակցության վերաբերյալ նախարարության գործուն քայլերն ու դրանցից բխող հնարավորությունները, իրականացվող ծրագրերն ու առաջիկա պլանները: 

Նշվում է, որ «Ռենդերֆորեսթ»-ի պրոդուկտն ամբողջովին նախագծվել և ստեղծվել է Հայաստանում։ Ընկերության կապիտալը ևս ամբողջությամբ հայկական է։ Հատկանշական է, որ ընկերության արտադրանքի  ավելի քան 97 տոկոսը արտահանվում է՝ Հայաստանը ներկայացնելով որպես բարձր տեխնոլոգիական ոլորտի խոշոր արտահանող երկիր։ «Ռենդերֆորեսթ»-ի հաճախորդներից են ԱՄՆ կառավարության մարմինները, «Ջեներալ էլեկտրոնիքս»-ը, «Վոդաֆոն»-ը, «Քենոն»-ը և այլն։ 2015 թվականին բացվել է նաև կազմակերպության առաջին գրասենյակը Գյումրիում։ Ընկերությունը ՀՀ խոշոր հարկատու է, որտեղ աշխատում է ավելի քան 80 մասնագետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում