Եվրոպա

Ուկրաինան հայտնել է, որ պատրաստ է լուծել նավթի տարանցման հետ կապված խնդիրները Սլովակիայի հետ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան հայտնել է, որ պատրաստ է լուծել նավթի տարանցման հետ կապված խնդիրները Սլովակիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան երաշխավորում է նավթի տարանցում այն ընկերությունների համար, որոնք չեն ենթարկվում պատժամիջոցների, և պատրաստ է լուծել Սլովակիայի հետ ծագած հարցերը՝ համաձայն ԵՄ ասոցացման համաձայնագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարարը։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հուլիսի 29-ին հայտարարել էր, որ երկիրը կդադարեցնի դիզելի մատակարարումներն Ուկրաինային, մինչև Կիևը չվերականգնի ռուսական «Լուկօյլ» ընկերության նավթի մատակարարումներն իր տարածքով։

Հունիսի վերջին Ուկրաինան պատժամիջոցներ էր սահմանել «Լուկօյլ»-ի նկատմամբ՝ արգելելով նրա գործունեությունն Ուկրաինայի տարածքում և դադարեցնելով այս ընկերության նավթի մատակարարումները Սլովակիա և Հունգարիա։

Հուլիսի 30-ին Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Ռոման Անդարակը հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է լուծել հնարավոր խնդրահարույց հարցերը, հենց Սլովակիան ակտիվացնի համապատասխան մեխանիզմ ԵՄ ասոցացման համաձայնագրում։

Անդարակը Reuters-ի հարցերին գրավոր պատասխանում նշել է, որ մինչ այժմ դա չի արվել։ Նա հավելել է, որ Կիևը «երաշխավորում է նավթի անխափան տարանցում» բոլոր ընկերությունների համար, որոնք չեն ենթարկվում արևմտյան և ուկրաինական պատժամիջոցներին։ 

Փոխնախարարը նաև նշել է, որ նավթի մատակարարումները ռուսական այլ ընկերությունների միջոցով չեն դադարեցվել, և Ուկրաինան նավթի տարանցման առումով շարունակում է մնալ ԵՄ հուսալի գործընկերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում