Քաղաքականություն

Սահմանային միջադեպերի և սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներն Ադրբեջանին ուժի մեջ են․ Արարատ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Սահմանային միջադեպերի և սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներն Ադրբեջանին ուժի մեջ են․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարները հուլիսի 29-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային զարգացումները և երկու երկրների շուրջ ընդհանուր իրավիճակը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ 

«Ակնհայտ է, որ մեր գործընկերությունը, բարեկամությունն ու համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել՝ պայմանավորված ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությամբ։ Մենք սերտորեն համագործակցել ենք և շարունակելու ենք այդպես համագործակցել այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են խնդիրներ, այդ թվում՝ հումանիտար բնույթի, որոնց մեր ժողովուրդները բախվել են հակամարտությունների և դժվարությունների հետևանքով: Մենք բարձր ենք գնահատում այն ​​օգնությունը, որը Կիպրոսը տրամադրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը իր գործողություններով ապացուցել է, որ հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը։ 

«Այս առումով մենք միշտ համերաշխություն ենք հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ աջակցելով Կիպրոսի խնդրի արդար և կայուն լուծում գտնելու ջանքերին՝ համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային իրավունքի: Մեր հանձնառությունն արտացոլված է նաև մեր անմիջական հարևանությամբ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու տեսլականում։ Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ վերջին քննարկումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության շուրջ, որն ամրագրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Ընդգծել եմ նաև նույն հռչակագրի և, հետևաբար, 1991 թ. սահմանի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման կարևորությունը: Կարծում եմ՝ այս դիրքորոշումը և՛ հստակ է, և՛ հետևողական: Բացի այդ, այն ավելի է զարգացվել նաև սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներով, որոնց պատասխանները դեռ չենք ստացել, դրանք դեռ ուժի մեջ են: Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար»,- եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում