Իրավունք

Կառավարությունը հաստատեց բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի առկայության մոնիթորինգային ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց  բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի առկայության մոնիթորինգային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց  բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հուլիսի 25-ի նիստին նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ սույն ծրագրի իրականացման նպատակն է մնացորդային նյութերի հսկողություն իրականացնել Հայաստանում արտադրվող բուսական ծագման մթերքներում՝ պարզելու բուսական ծագում ունեցող մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների մնացորդային քանակները և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները։

«Հայաստանի Հանրապետությունում մնացորդային նյութերի աղտոտվածության ուսումնասիրության ծրագրեր չի իրականացվել բավարար չափով։ Վերջին ծրագրերն իրականացվել են 2019-21 թվականներին կոնկրետ որոշակի պտուղ-բանջարեղենների համար, սակայն, կարևորելով Հայաստանի Հանրապետության բնակչության առողջությունը, անհրաժեշտություն է առաջացել բուսական ծագում ունեցող մթերքներում հսկողություն իրականացնել հանրապետության մակարդակով և ըստ մարզերի՝ հաշվի առնելով հետագծելիության սկզբունքի ապահովումը և աղտոտման աղբյուրների  և պատճառների բացահայտումը»,- ասաց Խաչատրյանը։ 

Նրա խոսքով՝ ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում կապահովվի մթերքում մնացորդային նյութերի ռիսկի բացահայտումը և կառավարումը, որն իր հերթին հիմք է հանդիսանում արտադրվող սննդի որակը բարձրացնելու և ավելի մրցունակ դարձնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում