Երևան

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

11 րոպեի ընթերցում

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի պատասխան Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցի՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ներկայացրել է Վարձակալության պայմանագրով իր առջև դրված խնդիրների ու պարտավորությունների շրջանակը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է, որ պայմանագրի մեկնարկին՝ 2017 թվականին, կորստի բազիսային մեծությունը 81,6 % էր, որը վկայում էր համակարգի վատթար վիճակի մասին: «Եթե նույնիսկ ենթադրենք, որ կորստի մի մասը վերաբերվել է առևտրային բնույթի կորուստներին, ապա, մեր գնահատականով, դրա զգալի մասը համակարգի մաշվածության հետևանք է: Բացի այդ, տասնյակ տարիների ընթացքում գույքի բնականոն մաշվածությանն ավելացել են նաև թե բնական երևույթներով պայմանավորված (օրինակ՝ սողանքներ Գառնիի, Արզնի ջրատարների որոշ հատվածներում) և թե մարդկային միջամտության արդյունքում (օրինակ՝ Արզնի ձորում, Ապարանի ջրատարի վրա կատարվող ապօրինի հողալցում) առաջացող խնդիրները: 

Այսքանով հանդերձ, սակայն, Վարձակալության պայմանագրի Հավելված 6 Կատարողական ցուցանիշների ՀԿՑ-ին՝ չհաշվառված ջրի ցուցանիշը (կորուստ) 2031 թվականին՝ պայմանագրային տարվա ավարտի  համար սահմանված է 55 տոկոս: Ինչը ընկերությունն արդեն իսկ ապահովել է: 

Ընկերությունը փորձում է միաժամանակ կարգավորել իրարամերժ երկու իրողություն՝ մի կողմից Վարձակալության պայմանագրի կատարողականության՝ Չհաշվառված ջրի (կորուստի) ցուցանիշի ապահովում, որի չապահովման պարագայում կկիրառվի պայմանագրով նախատեսված տուժանքը, մյուս կողմից՝ ցուցանիշի ապահովման նպատակով ցանցի վթարների վերացման համար կատարվող ջրազրկումները: Թեև Վարձատուն պարբերաբար դժգոհում է կորստի մեծությունից, իսկ բաժանորդները՝ հաճախակի կատարվող անխուսափելի ջրազրկումներից, այնուամենայնիվ համակարգում շոշափելի և շարունակական կապիտալ ներդրումներն են խնդրի արմատական լուծումը: Քաղաքային (հատկապես՝ Երևանի) և գյուղական շատ բնակավայրերի բաշխման ցանցերի անմխիթար վիճակը բնութագրող բազմաթիվ նյութեր փոխանցվել են Վարձատուին»,- ասվում է արզաբանման մեջ: 

Ըստ «Վեոլիա Ջուր»-ի՝ ընկերության պարտավորությունը վարձակալության պայմանագրի 15 տարիների համար սահմանափակված է 45 մլրդ դրամի (ԱԱՀ-ն ներառյալ) պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով, որը նախատեսված է սպասարկման ողջ տարածքի՝ Երևանի և 45 քաղաքային բնակավայրերի և 334 գյուղական բնակավայրերի համար:

«Բնակչության ջրապահանջարկի բավարարման նպատակով համակարգում ներդրումների ծավալների և իրագործման ժամկետների արագացման անհրաժեշտության մասին շեշտադրել ենք Վարձատուին ուղղված մեր բազմաթիվ գրություններում, պաշտոնական և աշխատանքային քննարկումների ընթացքում: Սակայն ուզում ենք հիշեցնել, որ վարձակալության պայմանագիրը միտված չէ միայն Երևան քաղաքը սպասարկելուն: Պարոն Արեյանի հարցազրույցից տպավորությունն այնպիսին է, որ այս պայմանագիրը  բացառապես ուղղված է միայն Երևան քաղաքին: Հավատացեք, մյուս բնակավայրերում ջրամատակարարման հարցերը շատ ավելի սուր են, քան Երևանում: Եվ, բացի այն, որ պայմանագրով սահմանված ընկերության ֆինանսական ներդրումների քանակը սահմանափակ է, ընկերությունը պայմանագրային տեսանկյունից պարտավոր է համաչափ զարգացնել համակարգը և չի կարող ներդրումները շեշտակի ուղղել միայն Երևանի ուղղությամբ:

Չնայած վերոնշյալ սահմանափակումներին՝ Ընկերությունն իր իրացրած ռազմավարության և ներդրումային ծրագրերի հաշվին կարողացել է ապահովել բացառապես ջրի ֆիզիկական կորստի կրճատում՝ 14,6% (ջրառի բազիսային մեծությունը՝ 618 մլն/խմ, 2024 թ.-ին ջրառի մեծությունը՝ 528 մլն/խմ): Միաժամանակ, առևտրային կորուստը նվազել է շուրջ 43%-ով (իրացված ջրի բազիսային մեծությունը՝ 116 մլն/խմ, 2024 թ.-ին իրացված ջուրը՝ 166 մլն/խմ): Այսինքն՝ կարող ենք փաստել, որ ընկերությունը վերականգնել է 140 մլն/խմ ջրի տեխնիկական և առևտրային կորուստ:

Այնուամենայնիվ, այս նվաճումները չեն կարող զսպել անկանխատեսելի կլիմայական փոփոխությունները, որոնք հանգեցնում են տարեցտարի նկատվող ջրաղբյուրների ջրատվության նվազումներին: Ընկերության կողմից չօգտագործվող աղբյուրների հաշվին քանակի ապահովման վերաբերյալ պարոն Արեյանի կարծիքին ի պատասխան տեղեկացնում ենք, որ համակարգը սնող ջրաղբյուրների ջրածավալի նվազման միտում կա և միայն 2024 թվականի առաջին կիսամյակում ինքնահոս ջրաղբյուրներից ջրառը 2017 թվականի համեմատ նվազել է 700լ/վ-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 154լ/վ-ով: Ինքնահոս ջրառին զուգահեռ՝ նվազել է նաև մեխանիկական (պոմպերի օգնությամբ) ջրառը: Մեխանիկական ջրաքանակի ծավալը նախորդ տարիների համեմատ նույնպես պակասել է: Նախորդ տարիներին ինքնահոս ջրառի պակասը լրացվում էր  մեխանիկական ջրառի ավելացումով, որն աստիճանաբար բարդանում է, քանի որ ինքնաբուխ հորերի ջրատվությունը և ստորերկրյա ջրերի դինամիկ մակարդակը նույնպես նվազում է»,- հայտնում են «Վեոլիա Ջուր»-ից։

Ընկերության փոխանցմամբ՝ ըստ մասնագետների՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայկական հրաբխային բարձրավանդակում ձևավորվող ստորերկրյա ջրերի ծախսը 2013 թվականի նկատմամբ նվազել է շուրջ 30-33%-ով: Տարեցտարի ջրաղբյուրների ծախսի նվազման տեմպերի ավելացումը հանգեցնում է համակարգի ջրամատակարարման խաթարումների: Բացի այդ, աննախադեպ տեմպերով իրականացվող կառուցապատումների արդյունքում սպառողների թվի կտրուկ աճը հանգեցնում է լրացուցիչ ջրապահանջարկի, ինչի արդյունքում կարող է առաջանալ ջրի դեֆիցիտ և ենթակառուցվածքների ավելացման ու հզորացման պահանջ: «Վեոլիա Ջուր»-ի հաշվարկներով՝ 2017-2024 թվականների ընթացքում միայն տնտեսվարող սուբյեկտներին տրվել է ավելի քան 2500լ/վ ջրաքանակի տեխնիկական պայման, որը կազմում է Երևան մատակարարվող ջրի շուրջ 33%-ը: Գնահատելով քաղաքի զարգացման ներկայիս միտումը՝ ընկերությունը ներկայացրել է իր մտահոգությունն առ այն, որ առկա ներդրումային քաղաքականության պայմաններում առաջիկայում խնդրահարույց կլինի լրացուցիչ ջրապահանջակի ապահովումը: Հենց սա էլ հաշվի առնելով՝ ընկերությունը առաջարկել է, որպեսզի քաղաքն ունենա  ռազմավարական  պաշար, այսինքն՝ ներգրավվեն նոր ջրաղբյուրներ, օրինակ՝ Մաքրավանի ջրաղբյուրից՝ մոտ 350լ/վ, Արզական-Սոլակի ջրաղբյուրից՝ 700լ/վ և այլն, ինչը պետք է ֆինանսավորվի այլ աղբյուրներից: Այլապես, պետք է սպասել այնքան, որ ընկերությունը կարողանա միայն իր  ֆինանսական միջոցների հաշվին վերացնել կորուստները: Այնուամենայնիվ, ըստ «Վեոլիա Ջուր»-ի՝ այն իր պայմանագրային  պարտավորություններից չի խուսափում և կորուստների բացահայտման իր ամենօրյա աշխատանքը շարունակում է նաև այլ միջոցառումների հաշվին: 

«Իսկ այն քննադատությանը, թե ընկերությունը չի ընդունում և չի սպասարկում ողջ գույքը, ևս մեկ անգամ շեշտում ենք, որ  ընկերությանը Պայմանագրով պատվիրակված է ծախսեր իրականացնել միմիայն այն գույքի վրա, որը իրեն հանձնված է Կառավարության որոշումով: Եվ որքան էլ «Վեոլիա»-ն կամք և ցանկություն ունենա, ցավոք, ցանկացած շահագործում և սպասարկում պահանջում է հսկայական ծախսեր, որոնք  Ընկերության ցանկությունից ու կամքից դուրս են: Բացի այդ, հիշեցնենք, որ Վարձակալության պայմանագրի կողմը  հանդիսանում է Ջրային կոմիտեն, որն էլ  գույքը ընդունողը և այնուհետև «Վեոլիա»-ին շահագործմանը հանձնողն է: 

Այո, պարոն Արեյանը ճիշտ է, որ քաղաքում կան հսկայական ծավալի անելիքներ կոյուղատար և հեղեղետար համակարգերում, սակայն դրանց ներդրումների (կապիտալ ծախսերի) ո՛չ ծավալը, ո՛չ հաշվարկը, ո՛չ սակագինը նախատեսված չէ գործող պայմանագրով: Ընկերությունը թե՛ ջրագծերի, թե՛ կոյուղատարների և թե՛ հեղեղատարների մասով սպասարկում և շահագործում է այն, ինչը հանձնված է ընկերությանը՝ պայմանագրով: Եվ կարծում ենք, որ «Վեոլիա»-ի աշխատանքը նման կերպ  քննադատելն ու դժգոհություն առաջացնելը  առնվազն արդարացի չէ: 

Հենց Ընկերության կողմից կատարված աշխատանքների և իր ենթակայության տակ ունեցած համակարգի գնահատականից ելնելով էլ՝  ընկերությունը առաջարկություն է  ներկայացրել Կառավարություն՝ լավարկելու գործող պայմանագիրը այնպես, որ հնարավորություն լինի էլ ավելի արագացված տեմպերով կատարել ներդրումներ ջրային  համակարգում՝ դրանով իսկ  զսպելու համար կլիմայական փոփոխությունների հետևանքով  աղբյուրների նվազման տեմպը:

Ինչպես արդեն հայտնի է, այժմ քննարկումները ընթանում են ՀՀ կառավարության և շահագրգիռ այլ պետական մարմինների հետ, և «Վեոլիա Ջուր» ընկերությունն առաջարկում է համբերատար սպասել մինչև  քննարկվող փաթեթը ստանա վերջնական տեսք, որից  հետո, համոզված ենք, «Վեոլիա»-ի կատարողականությանը կտրվի օբյեկտիվ գնահատական: Հատկապես, որ դա պետք է տրվի պայմանագրի կողմի՝ Ջրային կոմիտեի կողմից: Սպասենք արդյունքներին:

Հարգելի լրագրողներ, կարծում ենք վերոգրյալը գլոբալ առումով պատասխանում է նաև Ձեր այն բոլոր գրություններին, որոնք վերջին օրերին ուղղված էին ընկերությանը»,- հայտնում է «Վեոլիա Ջուր»-ը՝ ներկայացնելով այն բոլոր ջրաշինարարական աշխատանքները, որոնք ընկերությունը իրականացրել է միայն 2024 թվականին Երևանում և մարզերում, որի նպատակը սպառողներին որակյալ և կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելն ու ջրակորուստը նվազեցնելն է: 

Երևան-Մեղրի ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Պատահար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ քննչական կոմիտեն միջոցներ է ձեռնարկում տեսագրության մեջ պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեն միջոցներ է ձեռնարկում տեսագրության մեջ պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ

Հրշեջները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Պատահար

Հրշեջները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության և ՀՀ ԱԱԾ-ի հերթական բացահայտումը

Իրավունք

Պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության և ՀՀ ԱԱԾ-ի հերթական բացահայտումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ղեկավարին

Կինո

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է է Կիրանցի նոր ճանապարհի կառուցմանը և Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգմանը

Մարզեր

ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է է Կիրանցի նոր ճանապարհի կառուցմանը և Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

Էկոնոմիկա

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

Հուլիսի 25-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 25-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում տեղի ունեցած սողանքի զոհերի ընտանիքներին

Աֆրիկա

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում տեղի ունեցած սողանքի զոհերի ընտանիքներին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենին

Հայաստան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում