Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
1 րոպեի ընթերցում

Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում հուլիսի 17-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը։
Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ, որի շնորհիվ հնարավոր է դարձել ստեղծագործությունների տեղադրումն ու հանրային ցուցադրումը մայրաքաղաքի կենտրոնական կանաչ գոտիներից մեկում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանից հայտնում են, որ քանդակները Երևան քաղաքին են նվիրաբերվել Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ՝ որպես արվեստագետի սիրո, նվիրումի և երախտագիտության արտահայտություն մայրաքաղաքին։ Ստեղծագործությունները ձևավորում են բացօթյա ժամանակակից քանդակի յուրօրինակ միջավայր՝ նոր մշակութային շերտ ավելացնելով Միսաք Մանուշյանի անվան այգուն։
Աշոտ Հարությունյանը համարվում է մեր ժամանակների առաջատար կոնցեպտուալ քանդակագործներից մեկը՝ իր նորարարական մտածողությամբ և ինքնատիպ գեղարվեստական լեզվով։ Նրա աշխատանքները ներկայացված են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ քաղաքների հանրային տարածքներում և մասնավոր հավաքածուներում։