Երևան

Երևանի քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրը

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատու «Վեոլիա Ջուր» ընկերությունը բավարար չափով ներդրումներ չի իրականացնում՝ պայմանավորված պայմանագրային իրողություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով վերջին շրջանում տեղատարափ անձրևների հետևանքով Երևանի տարբեր փողոցներում առաջացած հեղեղումների մասին։  

«Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատուն  «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։ Հաշվի առնելով իրավիճակը՝ համայնքն իր հերթին նախաձեռնել է գործընթաց, որը հիմա քննարկում ենք և զուգահեռ գույքագրել ենք նաև մայրաքաղաքում առկա հեղեղատար համակարգի վիճակը»,- ասաց Ավինյանը։ 

Քաղաքապետի խոսքով՝ առկա խնդիրները լուծելու դժվարությունների առումով «Վեոլիա Ջուր» ընկերությունն ունի օբյեկտիվ պատճառ։  

«Այն պայմանագրային իրողություններով, որով գործում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, բավարար չափով ներդրումներ չեն իրականացվում։ Հետևապես, առաջին բանը, որ առաջարկել ենք կառավարությանը, դա պայմանագրային վերանայումն է, որը թույլ կտա Երևանին և ընկերությանը էական ծավալներով ներդրումներ իրականացնել ջրային համակարգերում։ Իրականում, այս պրոցեսները քննարկվում են և վստահ եմ, որ այս տարի լուծումներ կունենանք»,- եզրափակեց Ավինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում