ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Չինաստանի իր պաշտոնակից Վան Իին հայտնել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններ վարել համապատասխան փուլում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ուկրաինայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Դմիտրի Կուլեբան հայտնել է Ուկրաինայի հետևողական դիրքորոշումը համապատասխան փուլում ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին, եթե Ռուսաստանը պատրաստ է բարեխղճորեն վարել բանակցություններ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պնդմամբ՝ «այժմ ռուսական կողմից նման պատրաստակամություն չի նկատվում»։
Դմիտրի Կուլեբայի և Վան Իի հանդիպումը կայացել է հուլիսի 24-ին, Չինաստանի Գուանչժոու քաղաքում։