Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը. Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ նոր գործընթաց է սկսել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության նպատակով Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկել է նոր գործընթաց՝ հուշարձան-շենքերի սեփականատերերին գտնելու և շենքերը վերականգնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հիշեցնելով Տիգրան Ավինյանի խոսքերը, որ քաղաքում կան հուշարձան-շենքեր, որոնք անտերության են մատնված, չեն շահագործվում, կոտրված պատուհաններով են, և այստեղ քաղաքապետարանն անելիք ունի

Քաղաքապետի խոսքով՝ Երևանում այսօր անմխիթար վիճակում գտնվող շուրջ 3 տասնյակ հուշարձան-շենքերի սեփականատերերը հայտնի չեն կամ էլ նրանց գտնվելու վայրը պարզ չէ: Հիմնականում, դրանք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, երևանցիների շրջանում հայտնի սև շենքերն են: Դրանք տարբեր բնույթի խնդիրներ ունեն. մի մասը վթարային է, մի մասը լքված է, մի մասն էլ ոչ պատշաճ է օգտագործվում:

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված են հուշարձանների սեփականատերերի պարտականությունները: Այդ պարտավորությունների մեջ է մտնում հուշարձանների պահպանության և անվթարության ապահովումը: Այդ հարցով սկսել ենք քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնություն»,- նշել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանը:

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը համագործակցում է նաև կադաստրի կոմիտեի և ՆԳՆ-ի հետ, որպեսզի կարողանան վերհանել սեփականատերերին կամ նրանց գտնվելու վայրը և ապահովել նրանց կողմից հուշարձան շենքերի պահպանության այն պարտականությունը, որ սեփականատերերի վրա դրված է օրենքով, ինչպես նաև ավագանու որոշմամբ սահմանված ամրապնդման, վերականգնման և պահպանման աշխատանքների իրականացումը»:

Բոլոր սեփականատերերին ուղարկվել են ծանուցումներ իրենց ստանձնած պարտավորությունների կատարման մասին: Արձագանքել են մեկ-երկուսը և պատրաստակամություն հայտնել ապահովելու շենքերի պահպանությունը: Որոշ դեպքերում ծանուցումները պարզապես տեղ չեն հասնում. սեփականատերերը, որոնք ֆիզիկական ու իրավաբանական անձինք են, արտերկրում են: Սեփականատերերի կողմից իրենց վրա դրված պարտականությունները չիրականացնելու դեպքում օրենսդրությունը նախատեսում է վարչական տուգանքների կիրառում:

«Քաղաքապետարանը ներկայումս նախաձեռնել է նաև մեկ այլ գործընթաց ՝ «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, որոնք ի թիվս այլ կարգավորումների, այս ոլորտում ևս նախատեսում են կարգավորումներ՝ մասնավորապես նպատակ ունենալով ստեղծել այնպիսի նոր իրավական դաշտ, որտեղ հնարավոր կլինի համայնքի կողմից միջամտել և իրականացնել շենքերի պահպանությունն այն դեպքերում, երբ դա չանեն սեփականատերերը՝ հաշվի առնելով, որ այդ շենքերը հանդիսանում են ոչ միայն նրանց սեփականությունը, այլև քաղաքի և պետության պատմամշակութային ժառանգությունը: Այնուհետ, ակնկալում ենք կրած ծախսերը ստանալ սեփականատերերից: Էապես կավելանան նաև վարչական տույժերը: Դրանք կհասնեն ընդհուպ շատ մեծ չափերի» ,- ասել է Սոնա Թևանյանը:

Քաղաքը պետք է ամեն ինչ անի՝ պահպանելու Երևանի պատմամշակութային ժառանգությունը: Օրենքը նախատեսում է նաև հնարավորություն՝ դատական կարգով սեփականատերերից անտնտեսվար պահվող հուշարձան շենքերի հետվերադարձ։

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ օրենքի նոր նախագծով շատ չոր և կոշտ մեթոդներ են նախատեսվում հուշարձան-շենքերի պահպանման ու կանոնների խախտման դեպքում, և այդ կանոնները չպահպանելը սեփականատերերի համար շատ դառը հետևանքներ է ունենալու: Նրա խոսքով՝ հուշարձան-շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են, և այդ շեղումների վերացումը սեփականատերերի պարտավորությունն է. այդ պարտավորությունը պետք է պահպանվի, այլապես՝ կպարտադրվի:

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանի վստահեցմամբ՝ նպատակը ոչ թե սեփականատերերից գույքի բռնագանձումն է կամ դրա հնարավորության ստեղծումը, այլ, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունները: Նա լիահույս է, որ այս գործընթացը շուտով արդյունքներ կգրանցի:

Ամրակայում, նորոգում, վերականգնում ու պահպանում: Պատմամշակութային շենքերը պետք է ոչ միայն արտաքինից լինեն բարեկարգ, այլև ներսից: Մինչդեռ այսօր որոշ շենքեր գտնվում են պարզապես վթարային վիճակում:

Հայերեն Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում