Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

2 րոպեի ընթերցում

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ազգային ոստիկանությունը միջազգային գործողության ընթացքում օգնել է դադարեցնել հանցավոր կազմակերպության գործունեությունը, որն առագաստանավերով թմրանյութեր էր մատակարարում Հարավային Ամերիկայից Եվրոպա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ) հայտնում է, որ Կարիբյան ծովում 2023 թ. դեկտեմբերին կալանված առագաստանավում եղել է 45 միլիոն եվրոյի կոկաին։ 

Դրանից հետո իրավապահները գործողություններ են իրականացրել մի շարք երկրներում։ Ձերբակալվել է 50 մարդ, ինչպես նաև կատարվել է 47 խուզարկություն։ Իրավապահներն առգրավել են 1,5 տոննա կոկաին, կալանք է դրվել 8 նավի և 36 փոխադրամիջոցի վրա։

Իսպանիայի իրավապահները հայտնել են, որ դա աշխարհում խոշորագույն խմբավորումն է, որը կոկաին էր փոխադրում այդ եղանակով։ 

Հետաքննությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ համատեղ և Եվրոպոլի աջակցությամբ։ 

Իսպանիայի իրավապահները հայտնել են, որ հետաքննությունը շարունակվել է 2020 թվականի հունիսից։ Այն ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել էր Իսպանիայում գործող բրիտանական հանցախումբ, որը միջազգային առևտրային ուղիներով կոկաին էր փոխադրում Հարավային Ամերիկայից Եվրոպա Իսպանիայի տարածքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում