Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ուսումնական հաստատություններ, որոնցում պետական բյուջեի միջոցներով ընթանում են կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, առաջին այցը Ստեփանավանի թիվ 3 հիմնական նորակառույց դպրոց էր, որտեղ փոխնախարարը ծանոթացել է ուսհաստատության պայմաններին, գնահատել առկա վիճակը։ Շինարարական կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ աշխատանքներն ավարտական փուլում են։ Այցի ընթացքում քննարկվել են դպրոցն անհրաժեշտ գույքով համալրելու և ընթացիկ խնդիրների լուծման վերաբերյալ մի շարք հարցեր։ Նորակառույց դպրոց են հաճախելու շուրջ 400 աշակերտներ։

Ըստ աղբյուրի՝ Արաքսիա Սվաջյանն այցելել է նաև Ագարակի միջնակարգ դպրոց, որտեղ պետական աջակցությամբ դպրոցին կից կառուցվել է մարզադահլիճ։ Դպրոցի տնօրենի հետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննարկել է մարզադահլիճի՝ գույքով համալրման և պատշաճ որակի ապահովման խնդիրը։ Դպրոցն ունի 140 աշակերտ։

Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցում, որտեղ սովորում են 670 աշակերտներ, նույնպես կառուցվում է նոր մարզադահլիճ։ Արաքսիա Սվաջյանը շրջել է դպրոցում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել դպրոցում առկա խնդիրներով։ Ծանոթանալով պայմաններին՝ փոխնախարարը քննարկել է հաստատությունը վերանորոգվող դպրոցների առաջիկա ցանկում ընդգրկելու հնարավորությունը։

Նշվում ք, որ այցի շրջանակում դպրոցի մանկավարժները փոխնախարարին են ուղղել ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են կամավոր ատեստավորմանը, տարակարգի տրամադրմանը, Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը և նոր դասագրքերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում