Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

4 րոպեի ընթերցում

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ 2024 թվականի սեպտեմբերի 21-ին կբացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։  

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է 15 միլիոն 693 հազար դրամի չափով վերաբաշխում կատարել և այդ գումարը ուղղել թանգարանային գործունեության համար շատ կարևոր ցուցադրության հանրահռչակմանը։ 

«Այս աշնանը պլանավորում ենք Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ ցուցադրություն բացել, որը շատ կարևոր նշանակություն է ունենալու թանգարանային ոլորտի և թանգարանի միջազգայնացման ուղղությամբ։ 

Այս տարի լրանում է Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 105-ամյակը և թանգարանի հիմնադիր ղեկավար, անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակը։ Թանգարանը ամենաակտիվ գործունեություն ծավալող մշակութային կազմակերպություններից մեկն է, որը համագործակցություն ունի այնպիսի հեղինակավոր թանգարանների հետ, ինչպիսիք են Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Ռուսաստանի Դաշնության Էրմիտաժը, Ֆրանսիայի Լուվրի թանգարանը, Մեծ Բրիտանիայի Բրիտանական թանգարանը, Չեխիայի ազգային թանգարանը, Իտալիայի Վենետիկի Դոժերի պալատը և այլն։ 

Ավանդաբար յուրաքանչյուր տարի թանգարանի հավաքածուից մշակութային արժեքներ են ցուցադրվում աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններում՝ համատեղ ցուցահանդեսների ձևաչափով: Նախորդ տարի ինքս առիթ եմ ունեցել նման մի ցուցադրության լինելու Լոնդոնում և պետք է ասեմ, որ շատ մեծ հետաքրքրություն են առաջացնում մեր երկրից տարված ցուցանմուշները։  

Այնուամենայնիվ, դեռևս չունենք արտերկրի հեղինակավոր թանգարաններից արժեքավոր ցուցանմուշներ հյուրընկալելու և Հայաստանում այցելուներին ներկայացնելու փորձառություն։ Եվ նախորդ տարվանից այս ուղղությամբ նույնպես աշխատանքներ ենք ձեռնարկել, որի արդյունքում 2024 թվականին պայմանագիր է ստորագրվել Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Պատմության թանգարանում իրականացնելու մասով։ Դրա շրջանակներում առաջին անգամ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող և տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող տարբեր ցուցանմուշերի հետ համադրությամբ՝ կցուցադրվի Հայաստանում»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ այս միջոցառումը պատշաճ հանրայնացնելու, դրա մասին ավելի լայն իրազեկում ապահովելու համար անհրաժեշտ է առանձին թվային, ֆիզիկական, գովազդային արշավ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով, որին էլ ուղղված է այս որոշման նախագիծը։

«Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում։ Ցուցադրությունը տևելու է 6 ամիս։ Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 000 այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ շուրջ 1 միլիոն մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին»,- եզրափակեց Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում