Երևան

Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան

2 րոպեի ընթերցում

Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքներին ու հասարակական կյանքում առավելագույն ներգրավվածություն ապահովելուն ուղղված հարցեր են քննարկվել ոլորտային խնդիրներով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքաօետարանի տարածած հաղորդագրությունից, օրակարգը հագեցած էր, իրականացվող ու դիտարկվող ծրագրերը՝ համակարգային լուծումներով:

«Երևանի քաղաքապետարանը, կարևորելով և մշտապես ուշադրության կենտրոնում պահելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, շարունակելու է իրականացնել տարաբնույթ ծրագրեր` Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար»,- նշել է նիստը վարող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հանդիպման շրջանակում ներկայացվել են 2023թ. իրականացված ու 2024թ. ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են Երևանն առավել հարմարավետ դարձնելուն:

Հասարակական տրանսպորտի բարեփոխումների նախագծով արդիականացվող ավտոբուսային պարկն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, երևանյան գետնանցումներում շարունակվում է հատուկ վերելակների տեղադրման գործընթացը, այս տարի ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեվում է կառուցել շուրջ 450 թեքահարթակ, ի դեպ, տեխնիկական առաջադրանքներում սահմանվել են հստակ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի գործածության համար: Նախաձեռնություններն առանձնանում են նաև մշակութային, կրթական, մարզական ու սոցիալական ոլորտներում:

Նիստի ընթացքում շահագրգիռ հասարակական կազմակերպություններն իրենց հերթին ներկայացրել են ոլորտային այն խնդիրները, որոնք դեռևս լուծման անհրաժեշտություն ունեն: Դրանք փուլ առ փուլ կյանքի կոչելու հարցում նրանք ևս կդառնան քաղաքի գործընկերն ու աջակիցը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում