Երևան

Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, կողմերը բարձր են գնահատել ԱԶԲ-ի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը:

Ըստ աղբյուրի՝ «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհային հանգույցի կառուցում, Հրազդան գետի վրա 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամրջի ու Արշակունյաց պողոտայում թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցի կառուցում: Նախագծի շրջանակում կվերակառուցվի ու կկանաչապատվի նաև Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքը:

Կարևորելով համատեղ ծրագրերը, քաղաքապետ Ավինյանը նշել է, որ ԱԶԲ-ի հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը ևս մեկ քայլ է` ուղղված հարմարավետ քաղաք ունենալուն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ Դոն Լամբերտն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է բանկի համար, ու նշել, որ իրենք պատրաստ են մասնակցել Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու տարբեր նախագծերի: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում