Քաղաքականություն

Հայ-չինական հարաբերությունների զարգացումը կարևոր է Չինաստանի համար. ՉԺՀ դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

1 րոպեի ընթերցում

Հայ-չինական հարաբերությունների զարգացումը կարևոր է Չինաստանի համար. ՉԺՀ դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այդ հարցում ունեցած ավանդի համար: 

Դեսպան Ֆան Յոնն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին արդյունավետ փոխգործակցության եւ համագործակցության համար ու վստահեցրել, որ հայ-չինական հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, եւ դրանց զարգացումը շատ կարեւոր է Չինաստանի համար:

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային խնդիրներին եւ հայ-չինական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում