Ուսուցիչների հերթական ատեստավորումը կիրականացվի նոր կարգով
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցիչների հերթական ատեստավորումն այս տարվանից կանցկացվի նոր կարգով:
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մանրամասնելով, որ ուսուցիչների հերթական ատեստավորումը կիրականացվի ըստ նախապես իրականացված մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների:
Այս տարի հերթական ատեստավորման հայտագրման փուլի շրջանակներում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված հարցերին ուսուցիչների պատասխանների միջոցով պետք է որոշվեին նաև նրանց մասնագիտական կարիքները:
Ընդ որում՝ գնահատման գործընթացն իրականացվում է ինչպես ուսուցչի, այնպես էլ՝ տնօրենի կողմից, որը, ըստ փոխնախարարի, հնարավորություն է տալու բացահայտել ուսուցչի մասնագիտական կարիքն ու զարգացման անհրաժեշտությունը 4 մակարդակներով:
«Արդեն ամփոփվել են տվյալները: Մենք ունենք 5494 ուսուցիչ, որոնք հերթական ատեստավորման համար գրանցվել են: Բացի այդ, ունենք նաև նոր համակարգով առարկայական գիտելիքի դժվարություններ ունեցող ուսուցիչների համար գնահատման առաջին մակարդակ, և 543 ուսուցիչ գրանցվել է որպես առարկայական գիտելիքի իմացության խնդիր ունեցող․ նրանք այս մասով կմասնակցեն վերապատրաստման»,-մանրամասնեց Սվաջյանը՝ հավելելով, որ այս ցանկում են նաև այն ուսուցիչները, որոնք նախորդ տարիներին մասնակցել են կամավոր ատեստավորմանը և չեն հաղթահարել այն ու փաստացի ունեն աջակցության կարիք առարկայական գիտելիքների զարգացման համար:
Ըստ փոխնախարարի՝ հերթական ատեստավորմանը հայտագրված ուսուցիչների մյուս մասն էլ մասնագիտական կարիքի գնահատման արդյունքում երկրորդ, երրորդ և չորրորդ մակարդակներում գտնվողներն են, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայում վերլուծվում է:
«Ուսուցիչներն արդեն պատասխանել են հարցերին, տեղեկացվել են իրենք որերորդ մակարդակում են: Արդեն հայտարարվել է վերապատրաստող կազմակերպությունների մրցույթը, որն ամփոփվել է, իսկ ներկայացված ծրագրերը փորձաքննության փուլում են: Դրա ավարտից հետո նախարարի հրամանով կերաշխավորենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք կարող են այս կամ այն մակարդակի վերապատրաստում իրականացնել, և ուսուցիչներն արդեն կկարողանան մասնակցել վերապատրաստումներին»,-հայտնեց Սվաջյանը՝ ընդգծելով, որ առարկայական գիտելիքների ուղղությամբ վերապատրաստումներն, ինչպես և նախկինում, իրականացնելու են մանկավարժական բուհերը:
Նրա խոսքով՝ նախկինում միջինացված մակարդակով ու միատեսակ վերապատրաստումներ են իրականացվել, որը գրեթե համադրելի է նոր կարգով նախատեսվող երկրորդ մակարդակին: Փոխնախարարի դիտարկմամբ՝ ուսուցիչները ստիպված էին շատ կարճ ժամանակում անցնել 110 ժամ ծանրաբեռնվածությամբ վերապատրաստումը, իսկ նոր համակարգով առարկայական գիտելիքի խնդիր ունեցող ուսուցիչների համար է մեկ տարվա ժամկետ սահմանվել, մյուսների դեպքում 3-5 տարի:
Ըստ մոդուլների՝ կհայտարարվեն կենտրոնացված եղանակով ստուգումներ, որոնց մասնակցող ուսուցիչները գրավոր կպատասխանեն տվյալ մոդուլին վերաբերող հարցերին:
Յուրաքանչյուր տարվա ընթացքում կանցկացվեն համապատասխան վերապատրաստումներ և կենտրոնացված ստուգումներ:
Ուսուցիչների կողմից 2-3 տարվա ընթացքում արձանագրված կրեդիտները կհավաքագրվեն և կմուտքագրվեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ և պահանջված չափաքանակի առկայության դեպքում ինքնաշխատ կերպով կհամարվեն ատեստավորված:
Մոդուլում համապատասխան մակարդակի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում ուսուցիչը հնարավորություն կունենա նաև հաջորդ տարի մասնակցել ատեստավորմանը, սակայն պետությունը կրկնակի վերապատրաստում չի ապահովելու:
Մեկ անգամ ևս չհաղթահարելու դեպքում էլ հաջորդ տարի ուսուցիչը ավելի ցածր մակարդակով կատեստավորվի:
Սվաջյանը նշեց, որ ներկայում փոփոխություններ են իրականացվում տարակարգի շնորհման կարգում, որպեսզի հերթական ատեստավորումը ևս ուսուցչի աշխատավարձի վրա համապատասխան ազդեցություն ունենա: