Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում կրոնական հավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 121-ի, ևս 28 մարդ վիրավորվել է: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել են տեղի ոստիկանությունից։

Դեպքի վայրում, որտեղ 50 հազար մարդ էր եկել կրոնական քարոզիչ Բհոլե Բաբայի հետ հանդիպմանը, աշխատում են քրեագետներն ու դատական փորձագետները։ Գործ է հարուցվել միջոցառման կազմակերպիչների նկատմամբ։ Ոստիկանությունը փնտրում է հենց քարոզչին, որն անհետացել է արտակարգ պատահարից հետո։ Խուզարկություն է կատարվել նրա բարեգործական հիմնադրամում և տանը։

Հրմշտոցը սկսվել է, երբ Բաբան հեռանում էր իր հետևորդների հավաքից: Մարդիկ շտապել են նրա հետևից, որպեսզի  ձեռք տան նրա ոտքերին՝ ի նշան հարգանքի։ Նրանցից շատերն ընկել են գետնին։ Քարոզչի անվտանգության աշխատակիցները փակել են միջոցառման վայրի ելքը, մինչև նրա ավտոմեքենայի հեռանալը: Այդ ընթացքում ամբոխը ոտնատակ է արել գետնին հայտնված մարդկանց։

Ութար Պրադեշ նահանգի գլխավոր նախարարը կարգադրել է կատարել միջադեպի մանրակրկիտ հետաքննություն՝ պարզելու համար, թե դա արդյոք եղել է «պատահականությո՞ւն, թե՞ դավադրություն»: 

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտարարել նրանց դրամական փոխհատուցում վճարելու մասին։ 

 

Հայերեն